Հրազդան գետը դուրս է եկել հունից: Հողաշերտի փլվածքի հետևանքով փակվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր ճանապարհը: Երեկ այն միակողմանի երթևեկելի էր, այսօր արդեն գյուղ գնացող այլընտրանքային ճանապարհի այդ հատվածն ամբողջությամբ անանցանելի է:
Հակոբ Հակոբյան (ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տարերային աղետների բաժնի պետ) - Հոսքի հնարավոր պատճառներից է գետի լվացումը, ափերի մշտապես լվացումը և վերևում, ինչպես տեսնում եք, շինարարական թափոններ կան: Շատ հնարավոր է, որ ծանրության ուժի տակ այդ թուլացած զանգվածը հրել է դեպի գետը:
ԱԻՆ-ը այս հատվածում քարաթափման ահազանգեր բազմիցս ստացել է, բայց որ սողանքի հետևանքով գետի հուն փոխվի՝ մասնագետներն առաջին անգամ են արձանագրում: Տարածքում հիմնականում ամառանոցներ են և, բարեբախտաբար, վնասներ չեն եղել: Փրկարարները նաև հետագա ռիսկերն են կանխատեսել ու քաղաքացիներին հորդորել՝ մինչև խնդիրը կարգավորվի, շրջանցել այդ ճանապարհը:
Արմեն Դաշյան (ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ) - Այլընտրանք կա, մեծ հաշվով, բայց ճանապարհն ունի խիստ վերանորոգման կարիք: Գոնե գրունտային հարթեցման աշխատանքներ արվեն, որպեսզի լինի լիարժեք և երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Փլուզման պատճառով գետի ջուրն այս պահին մոտ 40 մետր հոսում է գրունտային ճանապարհով, առաջացել է լճակ, ու շարունակվող անձրևների դեպքում մասնագետները մեծ ռիսկ են տեսնում:
Հակոբ Հակոբյան (ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տարերային աղետների բաժնի պետ) - Հնարավոր է սահքի շարունակություն, որից հետո ամբողջությամբ կարող է փակվել գետի հունը, իսկ որոշակի ծավալի հասնելուց հետո հնարավոր է պոռթկում տեղի ունենալ այդ զանգվածի, և ավերածությունների և սելավային հոսքերի պատճառ հանդիսանալ:
Խնդրին համատեղ լուծում տալու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը գրություններ է ուղարկելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան: