ԽԵՐՍՈՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ ՌԴ-ԻՆ
Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները դիմելու են Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով՝ հայտարարել է տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալը: Կիրիլ Ստրեմուսովի խոսքով՝ Խերսոն քաղաքը Ռուսաստան է՝ «Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն չի ստեղծվի, հանրաքվեներ չեն լինի: «Մինչև տարեվերջ տարածաշրջանն ամբողջությամբ կանցնի ռուսական օրենսդրության»,- նշել է պաշտոնյան ու հավելել նաև, որ մինչև մայիսի վերջ տարածաշրջանում կգործի բանկ՝ ռուբլու շրջանառությունն ապահովելու համար, որը հետագայում կինտեգրվի Ռուսաստանի բանկային համակարգին:
Խերսոնից հնչած հայտարարությանն անդրադարձել են Կրեմլից: «Խերսոնի շրջանի բնակիչներն իրենք պետք է որոշեն՝ արդյոք երկրամասը կդառնա՞ Ռուսաստանի կազմ. այդ հարցը պետք է հստակ ստուգված լինի, ունենա իրավական հիմնավորում և լինի լեգիտիմ, ինչպես Ղրիմի դեպքում»՝ հայտարարել է Ռուսաստանի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովն անդրադարձել է նաև Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքին՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները, թե Ռուսաստանը տևական հակամարտության է նախապատրաստվում: «Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի»՝ հայտարարել է Պեսկովը, նաև տեղեկացրել, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին Ռուսաստանի Դաշնության տարածքում կամ առանձին շրջաններում ռազմական դրություն մտցնելու մտադրություն չկա:
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանը, արևմտյան երկրներից բացի, բավականաչափ գնորդներ ունի իր էներգետիկ ռեսուրսները սպառելու համար՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Օմանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Թող Արևմուտքն ավելի շատ վճարի, քան նախկինում վճարում էր Ռուսաստանին, և թող իր բնակչությանը բացատրի, թե ինչու նրանք պետք է աղքատանան»,-նշել է Լավրովը: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում պատերազմ Եվրոպայում, սակայն արևմտյան երկրները շարունակում են կրկնել՝ «պետք է հաղթել Ռուսաստանին. եզրակացությունը թողնում եմ ձեզ»՝ ասել է Սերգեյ Լավրովը:
Արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ այսուհետ Ռուսաստանը հույսը դնելու է միայն իր վրա և վստահելի գործընկերների վրա, որոնք ճնշող մեծամասնություն են։ Ռուսաստանի գործողությունները չեն ազդում աշխարհում պարենային խնդիրների վրա՝ կարծում է Լավրովը: Նրա խոսքով՝ այդ խնդիրները կապված են բացառապես արևմտյան անօրինական պատժամիջոցների հետևանքների հետ:
Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական գործակալությանը: Որոշման մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետը: Դենիս Շմիգալի խոսքով՝ այս պահին երկիրն ու դաշնակիցները աշխատում են Ուկրաինայի վերականգնման մեծ պլանի ուղղությամբ: «Մենք կարծում ենք, որ հիմնադրամը համալրելու հիմնական աղբյուրներից կդառնան բռնագրավված ռուսական ակտիվները և դրամական միջոցները»,- հայտնել Է Շմիգալը, նաև հավելել, որ Ուկրաինայի իշխանությունը կվերցնի այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի իրենց երկրում, իսկ միջոցները կուղղեն բանակի ուժեղացմանը, մարդկանց աջակցությանը և երկրի վերականգնմանը:
ՄԱԿ-Ը ԱԽ ՆԻՍՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը նիստ կանցկացնի՝ նվիրված Ուկրաինայում հումանիտար իրավիճակին։ Նիստը հրավիրվել է Ֆրանսիայի և Մեքսիկայի պահանջով։ Այն կանցկացվի բաց ձևաչափով, որևէ հարցի քվեարկություն չի սպասվում։ Հանդիպմանը ելույթ կունենան ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և մանկական հիմնադրամի ներկայացուցիչները։