0-ից 6 տարեկանը կյանքի այն հատվածն է, երբ դրվում են անձի զարգացման հիմքերը։ Այդ ժամանակ երեխային պետք է կենդանի շփում։ Երբ դրան փոխարինում է հեռախոսի էկրանը, կարող է առաջանալ վիրտուալ աուտիզմ՝ նշում է հոգեբանը, որի փորձը ցույց է տվել՝ Հայաստանում տարեցտարի սրվում է 21-րդ դարի հիվանդությունը․ էկրանից կախվածություն ունի ամեն 3-րդ երեխան։
Սիրանուշ Անտոնյան («Զարգացման հարթակ» սոցիալ-հոգեբանական ՀԿ հիմնադիր) - Առաջանում են հուզական խնդիրներ, վախեր, տագնապներ, ագրեսիա, շփման, հաղորդակցման խնդիրներ, հենց զարգացման խնդիր։ Այսինքն՝ երեխաները բնականոն զարգացում չեն ունենում՝ իրենց տարիքին համապատասխան։
Կախվածության հետևանքների մի մասն է։ Երեխաները նաև դժվարանում են խոսել մայրենի լեզվով, ընդօրինակում տեսածը։ Խնդրի մասին խոսել են պետական ու մասնավոր 50 նախադպրոցական կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Ներկայացրել են էկրանային կախվածություն ունեցողների վարքը, վերլուծել պատճառները։ Բանախոսությունը կազմակերպել է «Զարգացման հարթակ» սոցիալ-հոգեբանական ՀԿ-ն՝ «Լուսէ» հիմնադրամի հետ գործակցությամբ։ Բանախոսությանը մասնակից նախակրթարանի տնօրենի խոսքով՝ տարիների ընթացքում նման երեխաների թիվն իրենց մոտ ավելացել է։ Նրանց վարքը տարբերվում է։
Հասմիկ Պետրոսյան («ԼՕԼՕ» նախադպրոցական հաստատության տնօրեն) - Բոլորը գրեթե աշխատում են։ Գալով տուն՝ պետք է անցնեն կենցաղային գործերին։ Կենցաղային գործերին անցնելու համար երեխային պետք է զբաղեցնեն։ Ի՞նչ են անում. տալիս են պլանշետը երեխայի ձեռքը։
Կախվածության պատճառները տարբեր են։
Հասմիկ Պետրոսյան - Էկրանն ունի շատ գեղեցիկ գույներ, հուզական աշխարհն է բավարարում։
Հոգեբանները պատմում են․ դեպքեր կան, երբ երեխաները հեռախոսի առաջ իրենց զգում են անկաշկանդ, քանի որ տանը չեն կարող կարծիք հայտնել։
Հասմիկ Պետրոսյան - Կարող է ծնող-երեխա հուզական հարաբերություններում թույլ հուզական կապ լինի, և երեխան ցանկանա դա բավարարել էկրանի միջոցով։
Էկրանային կախվածության մասին բանախոսությունները շարունակվելու են։ Շուտով կհանդիպեն նաև դպրոցների մանկավարժների հետ։ Հոգեբանի խորհուրդն է ծնողներին՝ մինչև երեխայի խոսքը հստակ ձևավորված չլինի, թույլ չտալ, որ հեռախոսը ձեռքը վերցնի, ավելի մեծ տարիքում թույլ տալ, բայց խիստ սահմանափակումներով։
Հեղինակ՝ Անի Ավագյան