Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատարը աշխատանքային այցով ժամանեց Լիբանան։ Զարեհ Սինանեանը հանդիպում ունեցաւ հոգևոր առաջնորդներու` Մեծ ի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ի, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս ԻԱ-ի և Մերձաւոր Արևելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան կեդրոնական մարմնի ատենապետ, Հայկազեան համալսարանի նախագահ Փօլ Հայտոսթեանի հետ։
Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Այցիս բուն նպատակը իրականում Սիրիա այցելություն է սակայն քանի որ Լիբանանով այս այցելությունը տեղի ունեցավ անպայման որոշեցինք նաև հանդիպումներ անցկացնել մեր հոգևոր առաջնորդների հետ և խոսել ընդհանրապես Հայաստան-Սփյուռք գործակցության բոլոր ուղղությունների մասին, այսօր մեր ազգին հուզող բոլոր խնդիրների մասին և փորձել որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարար գտնել։
Սինանյանը շեշտեց, որ վեհափառ հօր հետ հանդիպումը շատ կարևոր էր և շատ արդիւնաւէտ, խոր իմաստ ունեցող և օգտակար խորհուրդներ ստացաւ Վեհափառ հօրմէն և իրենց համագործակցութիւնը շարունակական է նաև ապագային միշտ պէտք է հանդիպին վեհափառ տիրոջ հետ, որովհետև արևելեան սփիւռքի մէջ, ինչպէս նաև Հայաստանի մէջ մեր հոգևոր առաջնորդներու խօսքը շատ մեծ կշիռ ունի։
Զարեհ Սինանյան - Իրականում Լիբանանը և Լիբանանահայությունը ոչ միայն Սփյուռք են, այլ նաև Արևմտյան Հայաստանի հետ մանավանդ Կիլիկիայի հետ հայ ժողովրդի օրգանական կապը, հետևաբար լիբանանյան Սփյուռքը կա և մնում է արևմտահայության միջնաբերդը մինչև օրս և նաև արևմտահայերեն լեզվի միջնաբերդը։
Հանդիպումներուն ներկայ էր նաև Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանը։ Քննարկումներու հիմնական թեման էր Հայաստան-Սփիւռք համագործակցութեան առնջուող հարցերն ու ծրագիրները։
Փոլ Հայտոսթեան (Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ) - Բնականաբար լիբանանահայութեան նիւթերը այսօր բաւական ծանր են տնտեսական, քաղաքական, ընկերային և զանազան հարցերով լեցուն, միաժամանակ մենք լաւ գիտենք, որ հայ ժողովուրդին համար պատմութիւնը չէ, որ պիտի ըլլայ սահուն մթնոլորտը, և կացութիւնները պիտի չըլլան նպաստաւոր, ապա մեր կոչումը մեր նուիրուածութիւնը մեր հաստատութիւններուն մէջ, մեր եկեղեցիներուն մէջ, մեր ընտանիքներուն մէջ մեր արժէքներն են որ պիտի տիրապետեն, և իրենք պէտք է պարտադրեն իրենք զիրենք։
Հայկազեան համալսարանի նախագահը յայտնեց, որ Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատարի այցելութիւնը շատ գնահատելի էր և ողջունելի, անոնք երկար սերտեցին հայ մարդուն կացութիւնը և վիճակը՝ շեշտը դնելով կրթութեան և մանկավարժութեան վրայ։
Փոլ Հայտոսթեան - Մենք չենք կրնար մնալ թոյլ ապագայի նկատմամբ, այսօր կայուն սերունդ պէտք է պատրաստենք մեր կրթական համակարգով, ոչ միայն պաշտօնական դպրոցներու մէջ, ընտանիքներուն մէջ, մեր տուներուն մէջ և եկեղեցիներուն մէջ:
Հայաստան-Սփիւռք առողջ յարաբերութիւնը անքակտելի օղակ է, որ միայն կը նպաստէ հայրենիքի զարգացման ու սփիւռքի ուժի ամրապնդման։
Անոր խօսքով ապագայի հայու միտքն է, հոգին է, որ պետք է պետականութիւնը ամրապնդէ։
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչեան