«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչից առաջ Թուրինում տեղի է ունեցել Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլին» նվիրված ասուլիս։
Մրցույթի հաղթող Մալենան պատմել է, որ այդ մեծ հաջողությունից կես տարի անց էլ իր համար, կարծես, անսովոր է, որ բոլորը գիտեն ու երգում են «Քամի-քամին»: «Հաղթանակը, իհարկե, ինձ ճանաչում բերեց, սակայն առավել կարևոր է, որ հիմա ինքնավստահ եմ դարձել։ Ես համոզվեցի, որ երազանքները կարող են իրականություն դառնալ, երբ հավատում ես սեփական ուժերիդ»,- ասաց նա։
Եվրատեսիլում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն անդրադարձել է դեկտեմբերին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին» և նշել, որ 20-րդ հոբելյանական մրցույթը հյուրընկալելը և՛ շատ հաճելի է, և՛ շատ մեծ պատասխանատվություն է: «Եվրատեսիլի անցկացումը Եվրոպական հեռարձակողների միության և հյուրընկալող երկրի հանրային հեռուստաընկերության միջև կարևոր համագործակցություն է։ Շատ կարևոր է այնպես անել, որ միջազգային ձևաչափը ներագրավի նաև տեղական կազմակերպություններին»,- նշել է նա։
Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Աննա Օհանյանի խոսքով՝ 2011-ին Երևանում մրցույթը հյուրընկալելն արդեն մեծ փորձառություն է եղել Հայաստանի համար. «Անցյալի փորձից մենք արդեն գիտենք, թե ինչպես պետք է անմոռանալի շոու կազմակերպել։ Սակայն նշեմ, որ այս անգամ ամբողջովին այլ մոտեցում է սպասվում։ ՀՀ կառավարությունն արդեն ստեղծել է համապատասխան հանձնաժողով, որն զբաղվում է «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական հարցերով»։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին անդրադարձ է կատարվել նաև «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որում ցուցադրվել է Երևանի մասին պատմող հոլովակ։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։