«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով վարժանքները շարունակվում են:
Դրանք իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 և թիվ 2, Խնձորեսկի և Կոռնիձորի դպրոցներում անցկացրել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։
Արտակարգ իրավիճակների նախարարության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի մասնագետները հետևել են գործնական պարապմունքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը:
Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ: Ցուցաբերվել է մեթոդական աջակցություն աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ: