Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:
Վերջիններս ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:
Նրանք ընդգծել են Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու իրենց երկրի շահագրգռվածությունը` շեշտելով հայ ժողովրդի նկատմամբ երկրում առկա ջերմ մթնոլորտը:
Մասնավորապես, նշվել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման փաստը:
Յան Անտոնի Բրաունը և Վերա Բերգկամպը ողջունել են մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը և հավելել, որ Նիդերլանդներն իր փորձով պատրաստ է օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդերլանդների թագավորություն և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ գործադիրը շարունակելու է հետևողականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:
Այնուհետև վարչապետը հանդիպել է Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:
Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: