ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 11-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 21-րդ համաժողովին:
Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա անդրադարձել է Միության կողմից իրականացվող ծրագրերին, բուհերի, պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ընդգծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նախարարն ընդգծել է ԱՏՁՄ գործունեության կարևորությունը, որն ընդհանուր գաղափարի ու նպատակների շուրջ է համախմբում ոլորտի խոշոր կազմակերպություններին՝ նպաստելով առաջատար տեխնոլոգիաների զարգացմանը մեր երկրում։
«ԱՏՁՄ-ն որոշիչ քայլեր է կատարում ոլորտի նպատակային զարգացման ու առաջընթացի ուղղությամբ։ Այս առումով ԱՏՁՄ-ի առաքելությունն ու դերն առանձնահատուկ է. Հայաստանում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները համախմբված են մեկ հարթակի շուրջ, ինչը հնարավորություն է տալիս, միավորելով ուժերը, ավելի համակարգված և թիրախավորված աշխատել»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը։
Հաջորդիվ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Միության ռազմավարական զեկույցը: Նա ընդգծել է, որ կազմավորվելով 20 տարի առաջ, այսօր Միությունը դարձել է ոլորտն առաջ մղող շարժիչ ուժ, որը համընդհանուր խնդիրների շուրջ է համախմբում ոլորտային ընկերություններին:
Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ ընտրվել է Միության վարչության նոր կազմը:
Համաժողովին մասնակցել են ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
ԱՏՁՄ-ն միավորում է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 120 ընկերություն:
ԱՏՁՄ-ն 2012 թվականից ի վեր իրականացնում է տեխնոլոգիական կրթության խոշորագույն «Արմաթ» ազգային ծրագիրը: