«Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովն այսօր մեկտեղել էր ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Միջոցառումը կազմակերպել էին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ գերմանական «ՄԿՈՒ համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը շրջել է ուսումնական հաստատությունների տաղավարներով, որոնցում ներկայացված էին աշակերտական/ուսանողական ընկերությունների աշխատանքները:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին տարիներ շարունակ իրականացված մեծ աշխատանքի և արձանագրված արդյունքների համար. «Աշակերտական/ուսանողական ընկերությունները ծառայում են մի քանի նպատակի. դրանք մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են ընձեռում, և սովորողը հստակ հասկանում է՝ ինչ է նշանակում աշխատել և զբաղվել որևէ մասնագիտությամբ: Սա էլ, իր հերթին, նպաստում է այն բազիսային հմտությունների ձևավորմանը, որոնք ցանկացած մասնագիտության պարագայում անհրաժեշտ են»:
Հաջորդ կարևոր հմտությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, այս ընկերությունների՝ սովորողներին ինքնուրույն մտածելու, որոշակի գործունեություն կազմակերպելու և արդյունքի հասնելու հնարավորության ընձեռելն է: Նրա հավաստմամբ՝ այդ արդյունքն այն հանրօգուտ ու պահանջված աշխատանքն է, որն ուղղված է որևէ խնդրի լուծմանը և նպաստում է մեր հասարակության զարգացմանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ համագործակցությունը կայանում է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածությամբ. «Այս գործում մեծ է ԿԳՄՍ նախարարության անելիքը, այն է՝ այս կարևոր փորձառությունը բերել ինստիտուցիոնալ դաշտ և ստեղծել համակարգի գործունեության բնականոն պայմաններ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական դաշտը և քաղաքականությունը լինեն նպաստավոր նման ընկերությունների գործունեության համար»: Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» նոր օրենքի նախագիծը, որում վստահաբար կգտնվեն արդյունավետ ձևեր՝ վերոնշյալ փորձառությունն օրենսդրական առումով խթանելու համար:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամին՝ տարբեր ծրագրերի շրջանակում կայուն ու շարունակական համագործակցության համար, որոնք նպաստել են ոլորտի զարգացմանը. «Կարևորում եմ, որ այսօր համատեղ ներկայացված են ՄԿՈՒ հաստատությունները և դպրոցները. մենք կհաջողենք միայն այն պարագայում, երբ կրթության դաշտը դիտարկենք իբրև մեկ ընդհանուր տարածք: Վստահ եմ, որ այստեղ ներկա աշակերտներն արդեն պատկերացնում են իրենց կրթության շարունակականությունը, որի մեջ ՄԿՈՒ հաստատություններն իրենց կայուն տեղն են ունենալու»:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը և «ՄԿՈՒ համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը՝ անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման, ՄԿՈՒ-մասնավոր հատված համագործակցության, որակյալ կադրերի ապահովման և այլ հարցերի:
Համաժողովին ներկայացվել են գերմանական հաջողված փորձի վրա հիմնված աշակերտական/ուսանողական ընկերության հիմնադրման և տեղայնացման գործընթացները, գերմանական «Դպրոց-Տնտեսություն» ձևաչափով իրականացված մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները և այլն: Նշվել է, որ աշակերտական/ուսանողական ընկերությունները հանդիսանում են ծրագրով իրականացվող բազմաթիվ մոդելների համախմբում, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տնտեսության և բիզնեսի իրական ընթացքին, սեփական փորձով մասնակից լինելու տնտեսական գործընթացների զարգացմանը։ Ընկերությունների ուսանողները կրթական հաստատություններում ապահով և իրական պայմաններում ձեռք են բերում համապատասխան փորձառություն:
Համաժողովին ներկայացվել է նաև ծրագրի գործունեության մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ սոցիալական երկխոսությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները՝ որպես ՄԿՈՒ կրթության հիմնարար և առաջնային քայլ, որոնք նպաստում են ոչ միայն աշխատաշուկայի պահանջների բավարարմանը, այլև որակյալ կադրերի պատրաստմանը: