Ցածր ջերմաստիճան, օդի բարձր հարաբերական խոնավություն, և այգիներում շատ արագ գլուխ են բարձրացնում սնկային հիվանդությունները: Ծիրանենու, դեղձենու, սալորենու, կեռասենու, բալենու և նշենու այգիներում հիմա ակտիվ զարգանում է կորիզավորներին բնորոշ ծակոտկեն բծավորություն հիվանդությունը:
Կորիզավոր ծակոտկեն բծավորությունն է տերեևների և պտուղների վրա: Գարնանն է՝ խոնավ եղանակին, ավելի արտահայտիչ դառնում: Տերևներն են հիմնականում սկսում ծակծկվել, հետո պտուղների վրա են լինում, նույնիսկ սկսում են խեժահոսել:
Հենց եղանակը կայունանա, այգիներում անհապաղ բուժումներ սկսեք, այգետերերին հորդորում են Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնից: Հիվանդությամբ վարակվում են կորիզավոր պտղատու բոլոր ծառատեսակները: Հարուցիչ սունկը ձմեռում է տերևաբողբոջներում և ծաղկաբողբոջներում, շիվերի վրա՝ փոքր խոցերում, ինչպես նաև բուսական մնացորդների վրա:
Նորիկ Բարսեղյան (Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի բուսասանիտարիայի բաժնի պետ) - Պետք է անպայման էս պարագայում սրսկեն պղինձ պարունակող պրեպարատով, որը կդադարեցնի էս հիվանդության ընթացքը: Դուք էլ տեսած կլինեք՝ ծիրանի վրա կամ դեղձի վրա կլոր-կլոր չեչեր կան, դրանք ծակոտկեն բծավորության տված վնասներն են:
Այդպիսի պտուղը մարդու առողջությանը վնասակար չէ, սակայն ապրանքային տեսքով պայմանավորված՝ իրացնելն է դժվար. նման պտուղը արտահանման հաստատ ենթակա չէ:
Նորիկ Բարսեղյան - Եղել են տարիներ, որ բերք եղել է, բայց ապրանքային տեսքն այն չի եղել, որ արտահանեն:
Օդի բարձր հարաբերական խոնավության պայմաններում այս օրերին կորիզավորների վրա ակտիվ զարգանում է նաև մեկ այլ վնասատու՝ կանաչ լվիճը: Մասնագետները հորդորում են թունաքիմիկատներ օգտագործելիս հետևել տուփերի ցուցումներին՝ չափաքանակին ու կիրառման պայմաններին: