Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը մայիսի 11-ին Հաագայում այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենը նշել է, որ տեղի գործարարների շրջանում առկա է Հայաստանի հետ համագործակցության հետաքրքրվածություն և շահագրգռվածություն, ուստի իրենք պատրաստ են քննարկել ՀՀ-ում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները, ծանոթանալ բիզնեսի համար ստեղծված պայմաններին: Նրա խոսքով` Նիդերլանդներում հայ համայնքն ունի մեծ համակրանք, որի ներկայացուցիչներն աչքի են ընկնում աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ, ստեղծագործելու և բիզնես ոլորտում աշխատելու ձիրքով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հաագայում աշխատանքային օրը սկսել գործարարների հանդիպումով և նիդերլանդական բիզնեսին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու գրավչությունը՝ նաև ներկայիս մարտահրավերների լույսի ներքո։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանդիպումը անցկացնելու համար և ներկայացրել մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման արդյունավետ բարեփոխումներ նաև Եվրոպական միության օժանդակությամբ, որոնք միտված են ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը:
Վարչապետը ներդրումների ներգրավման համատեքստում կարևորել է տարածաշրջանային կայությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է դրանում: Անդրադառնալով ՀՀ-ում կապիտալ ներդրումներին՝ վարչապետը խոսել է Հյուսիս-հարավ ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրի մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, արդյունաբերության ոլորտներում:
Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում իրականացվող ծրագրերին և հավելել, որ այս ուղղությունները Կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև համագործակցությունը զբոսաշրջության, այդ թվում՝ գաստրոտուրիզմի ոլորտում, որտեղ ևս առկա են լայն հնարավորություններ:
Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները պատասխանել են գործարարների տարբեր հարցերի, որոնք առնչվել են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ ծրագրերն ու նախագծերը և իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը: