Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին նշել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Նրա խոսքով՝ դրան կարելի է հասնել դիվանագիտական գործընթացի և դիվանագիտական լուծման միջոցով։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով հարցին, թե ինչու Վաշինգտոնը չի բանակցում ռուսական կողմի հետ, Սակին նշել է, որ ԱՄՆ իշխանություններն իրենց կառուցողական դերն են համարում Կիևին աջակցելը։
Միաժամանակ ամերիկյան գերատեսչությունների ներկայացուցիչների կարծիքներն ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման հարցի շուրջ տարբերվում են։ Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Ջեն Սակիի ճեպազրույցից մի քանի ժամ առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «բանակցային ճանապարհ» չի տեսնում Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։
Հեյնսի կարծիքով՝ Ուկրաինայում իրավիճակը մոտ ապագայում կարող է գնալ հետագա սրման ճանապարհով։ Նա վստահ է, որ դրան կնպաստի Ուկրաինայի՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը։
«Հաշվի առնելով, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան վստահ են, որ կարող են շարունակել ռազմական գործողություններն ու հաջողություններ ունենալ, մենք բանակցությունների ճանապարհով առաջընթաց չենք տեսնում»,-ասել է Հեյնսը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում նույնիսկ Ռուսաստանի ռազմական հաղթանակով չի ավարտվի այս հակամարտությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին Մոսկվայի և Կիևի միջև կապերը պահպանվում են։
Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ Ուկրաինայում այս պահին խաղաղություն կամ ընդհանուր զինադադար կնքելու հնարավորություն չկա։