ՎՐԱՍՏԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԻ 2-ՐԴ ՄԱՍԸ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ դեսպան Կարլ Հարցելին է փոխանցել լրացված հարցաշարի երկրորդ մասը, որը Թբիլիսին ստացել էր Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Եվրահանձնաժողովի և անդամ երկրների որոշումներին»,- նշել է Ղարիբաշվիլին ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը:
Հարցաշարի երկրորդ մասը բաղկացած է 33 գլխից և ընդգրկում է 2300 հարց, որոնք վերաբերում են երկրի ոլորտային զարգացմանը:
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԻԵՎԻՑ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՐՑԱՇԱՐԸ
Եվրահանձնաժողովն Ուկրաինայից պաշտոնապես ստացել է ԵՄ-ին անդամակցելու լրացված հարցաշարը և մտադիր է հնարավորինս շուտ տրամադրել դրա մասով իր կարծիքը։ Կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերի խոսքով՝ Եվրահանձնաժողովը ցանկանում է ավարտել Կիևի պատասխանների ուսումնասիրությունը հունիսին։
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տասնամյակներ պահանջվել։ Նա առաջարկել էր «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Ուկրաինան։
Արտգործնախարար Դմիտրո Կուլեբան արձագանքել է նախագահ Մակրոնի հայտարարությանը․
«Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, դա կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել Կիևին: Ուկրաինան դա չի հանդուրժի», - շեշտել է դիվանագետը։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՄ-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում հանդիպել է Գերմանիայի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքի և Վոպկե Հուքսթրայի հետ։ Բերբոքի խոսքով՝ մոտ օրերս համապատասխան մասնագետները կսովորեցնեն ուկրաինացի զինվորականներին օգտվել ինքնագնաց հաուբիցներից, որոնք Գերմանիան և Նիդեռլանդները պատրաստվում են փոխանցել Կիևին։
Բերբոքը նաև վստահեցրել է՝ Գերմանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։
«Ուկրաինան ակնհայտորեն Եվրոպայի մի մասն է», - ընդգծել է պաշտոնյան, հավելել՝ Գերմանիայի դեսպանատունը վերսկսում է աշխատանքը Կիևում։
Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան փորձում է «զրոյի» հասցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից և ընդմիշտ։
Զելենսկին, իր հերթին, ողջունել է դիվանագետների այցն Ուկրաինա։
«Կարծում եմ՝ միասին մենք կկարողանանք հաղթել»,- նշել է նախագահը։
ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ
Ռուսական նավթի էմբարգոյի հարցն այլևս ներառված չէ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։ Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառույցի դիվանագիտական աղբյուրները։ Նշվում է, որ Հունաստանը, Կիպրոսը, Մալթան և մի շարք այլ երկրներ դեմ են ռուսական նավթի մատակարարման արգելքին՝ նման նախաձեռնության տնտեսական հետևանքների պատճառով։
Այնուհանդերձ, ռուսական նավթ տեղափոխող նավթատարների ապահովագրման արգելքը դեռ չի հանվել պատժամիջոցների նոր փաթեթից, ինչը կարող է խանգարել Ռուսաստանից նավթի մատակարարմանն այլ երկրներ։
ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ՕՐԲԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ՀԱՐՑԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Կողմերը քննարկել են Ռուսաստանից նավթի ներմուծման էմբարգո սահմանելու հարցը։
«Բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք բերվի»,- տեղեկացրել են Ելիսեյան պալատից:
Նշվում է, որ պատժամիջոցների հարցով բանակցությունները կշարունակվեն Եվրամիության երկրների այլ ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հունգարիայում հանդիպել էր վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ինչից հետո հայտնել էր բանակցություններում առաջընթացի մասին։
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով էլ՝ դեռ շատ աշխատանք կա անելու, որպեսզի երկիրը փոխի իր դիրքորոշումը և հանդես գա ռուսական նավթի էմբարգոյի օգտին։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ուկրաինայում իրավիճակի շուրջ կարճաժամկետ հեռանկարում արդյունավետ բանակցությունների հավանականությունը փոքր է, հնարավոր է էսկալացիա. նման կարծիք է հայտնել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կարծում են, որ կարող են հաջողությունների հասնել մարտի դաշտում»,- պարզաբանել է Ավրիլ Հեյնսը։
Նրա կանխատեսմամբ՝ մոտ ապագայում նշանակալի մարտեր և անկանխատեսելի զարգացումներ են սպասվում։
ՄԱԿ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում ավելի քան 1000 ուկրաինացի զինծառայող կա, 100-ը վիրավոր է, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են արդյունաբերական գոտուց։
ՄԱԿ-ից արձագանքել են՝ վստահ չեն, թե բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են։ Կառույցի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչը տեղեկացրել է, որ Մարիուպոլից և «Ազովստալից» խաղաղ բնակիչների տարհանման նոր գործողություններ կարող են կազմակերպվել։
Ֆարհան Հակը նշել է նաև, որ ռազմական գործողությունների մասնակիցների տարհանման հարցը գտնվում է Կարմիր խաչի պատասխանատվության շրջանակում։
Ուկրաինական կողմի տվյալով՝ «Ազովստալի» տարածքում մարտական գործողությունները շարունակվում են։
ԲԱԽՈՒՄՆԵՐ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Շրի Լանկայում բախումների հետևանքով կան զոհեր, 230-ից ավելի մարդ վիրավորվել է։ Երկրում զանգվածային ցույցեր են սկսվել տնտեսական ճգնաժամից հետո բռնկված քաղաքական ճգնաժամի ֆոնին։