Սամվել Բաբայանը մեզ հետ է՝ այսօր վստահեցրեց Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով դեռ շաբաթներ առաջ նրա արած հայտարարությանը, որ հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատրեազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին: Խորհրդարանական քննիչ հանձնաժողովում Բաբայանը որպես անկախ խորհրդատու էր ընդգրկվել ու մոտ երկու ամիս աշխատելուց հետո որոշեց հեռանալ՝ առանց շատ փակագծեր բացելու: Բաբայանը, որ պատերազմի օրերին Արցախի ԱԽ քարտուղարն էր, լրատվամիջոցների հետ զրույցում ակնարկել էր, թե խաղի կանոնները չեն պահվում:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - էդպիսի խաղի կանոն մեր հանձնաժողովի հետ կապված գոյություն չունի:
Բաբայանի հետ խոսեցինք, նա Արցախ էր մեկնում, հեռախոսով հարցազրույց տալ չցանկացավ, միայն ասաց՝ աշխատանքներին դեռ չի մասնակցում, հետագա որոշումն էլ կախված է այն հանգամանքից, թե որքանով կպահպանվեն իր կողմից մատնանշած սկզբունքները. դրանք գրավոր ներկայացրել է հանձնաժողովին: Անդրանիկ Քոչարյանը, սակայն, ինչպես սկզբում, այնպես էլ հիմա շարունակում է Բաբայանին համարել կարևոր խորհրդատու, նշում՝ նրա մասնակցության հարցում հանձնաժողովի որոշումը որևէ ձևով չի փոխվել:
Անդրանիկ Քոչարյան - Սամվել Բաբայանն այս պահին գտնում է ոչ նպատահակարմար, էս փուլում՝ փաստաթղթային փուլում, երևի որ զերծ կմնա ինչ-ինչ շահարկումների առիթ դառնալուց, և հիմա դրա մասին չի խոսքը. Սամվել Բաբայանը միշտ լինելու է հանձնաժողովի կողքին՝ անկախ նրանից՝ ինքը կմասնակցի շարունակակա՞ն, թե՞ հատվածական, և իր ներկայությունը մեզ համար շատ կարևոր է լինելու:
Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունից բացի, որպես անկախ խորհրդատու, հանձնաժողովի կազմում են նաև արտախորհդրանական ուժերից «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն ու«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Ընդգրկված են նաև զոհվածների հարազատների ներկայացուցիչները: Այժմ ակտիվ աշխատանք է ընթանում՝ ասաց Քոչարյանը, ծանոթանում են պաշտպանության նախարարությունից ստացած հսկայածավալ նյութերին:
Անդրանիկ Քոչարյան - Հիմա ինֆորմացիայի հավաքման փուլում ենք գտնվում, և շատ-շատ զոհվածների ծնողներ իրենք իրենց կողմից պատերազմից հետո հսկայական ինֆորմացիա են հավաքել՝ կապված իրենց զավակների գտնվելու վայրի, նրանց տեղակայման, նույնիսկ մինչև մահվան պահը: Հսկայական էդ տեղեկատվությունը տեղափոխվում է հիմա մեր հանձնաժողով, ու մենք հիմա ուսումնասիրման փուլում ենք:
Զուգահեռ՝ հանձնաժողովում նախապատրաստվում են, որ հյուրեր ընդունեն, բայց հրավիրյալների ցանկն ու հարցաշարը դեռ կազմման ընթացքի մեջ է:
Անդրանիկ Քոչարյան - Նախորդ քառօրյաում չեք հիշում՝ ոնց էր. երեք ամիս առնվազն տևեց, որ մենք նախապատրաստվեցինք ու արդեն սկսեցինք մեզ հետաքրքրող պաշտոնյաներին կանչել, իսկ այստեղ պաշտոնյաների քանակը տասնապատիկ ավելի շատ է լինելու, էլ չեմ ասում, որ բանակցային գործընթացից ենք սկսում:
Բանակցային փուլից մինչև պատերազմի ավարտ՝ բոլոր պաշտոնյաները, որ կապ են ունեցել այդ ամենի հետ, կլինեն հանձնաժողովում: Գործող իշխանությունից սկսած, վերջացրած նախկին պատասխանատուներով, նաև զինվորականներ, անվտանգության մարմիններ... Շարքը երկար է՝ շեշտեց Քոչարյանը, հորդորեց սպասել: