Քննչական կոմիտեն պարզել է Գյումրիի Երևանյան խճուղում՝ ընդդիմության ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը: «Լուրեր»-ի Գյումրիի թղթակիցն այցելել է այն թաղամաս, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, և զրուցել տուժողներից մեկի հետ:
Տեսանյութում երևում է՝ երիտասարդները ծեծի են ենթարկում մի խումբ տարեց տղամարդկանց, հետո նստում են մեքենաները և հեռանում։ Երիտասարդները մասնակցում էին ընդդիմության կազմակերպած Երևան-Գյումրի ավտոերթին և Գյումրի էին եկել թատերական հրապարակում հանրահավաքին մասնակցելու համար: Այսօր արդեն պարզվել է նրանց ինքնությունը։
Ըստ քննչական կոմիտեի` նրանցից մեկը 1991 թ. ծնված, Արագածոտնի մարզի բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ 1999 թ. ծնված, Երևանից Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ 1990 թ. ծնված, Արարատի մարզից Արսեն Մարտոյանը:
Գոռ Սարգսյանն ու Տարոն Մանուկյանը ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով, իսկ Արսեն Մարտոյանը ձերբակալվել և ներգրավվել է որպես մեղադրյալ. նախաքննական մարմինը մտադիր է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան: Գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
Գոռ Սարգսյանը ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ է, Տարոն Մանուկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդին է, նույն կուսակցության անդամ է նաև Արսեն Մարտոյանը:
Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարել է` իշխանությունն է տարեց մարդկանց ուղարկել՝ սադրանք կազմակերպելու համար, ցանկություն հայտնել ներկա լինել միջադեպին:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - էդ «պապի, պապի» որ ասում են, ուղղակի մեքենայի մեջ էի, թե չէ ես էլ կլինեի էդտեղ...
«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը ծեծը երիտասարդների կողմից պաշտպանվելու տարբերակ է որակել:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Տպավորություն է` ծեծել են, բայց իրենց վրա հարձակվել են, ջահել տղերք են, ելել են` պաշտպանվեն:
Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը: Նրանք 56, 72, 74 և 84 տարեկան են։ Ի դեպ, բոլորը գյումրեցի են, հարևաններ, բնակվում են Երևանյան խճուղում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, թեև Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարել էր, թե տարեցները այլ տեղ են բնակվում և շրջակա շենքերի բնակիչներին անծանոթ են:
Ամենաավագը 84-ամյա Վասիլ Հարությունյանն է։ Բարեկամուհին պատմում է` Հարությունյանը դուրս էր եկել բակ, երբ ընդդիմությունն անցնում էր փողոցով։
Դարիկո Պողոսյան - Նա բնակիչն է այս երկու պատուհանի, երկուսն էլ այս շենքի բնակիչն են։ Ելել էր ծառերը մշակելու․․․ Ինչ իրավունք ունեն նրանք անմեղ մարդուն ծեծելու:
84-ամյա Հարությունյանը միջամտել է, երբ տեսել է, որ ծեծում են հարևանին, բայց ինքն էլ է բռնության ենթարկվել։ Առաջին ծեծվողը Համլետ Մարտիրոսյանն էր։ Նա էլ դուրս էր եկել խանութ՝ ձու գնելու։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նախաքննությունը շարունակվում է: Աշխատանքներ են տարվում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։