ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը:
Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի հնագիտական հավաքածու՝ բաղկացած 150-ից ավելի թանգարանային նմուշներից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Նոյյան տապանի մասունքը:
Ցուցադրվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից պեղված գործիքներ, խեցանոթներ, զենքեր, զարդեր, կոթողներ և մշակութային այլ արժեքներ: Ցուցահանդեսը հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանի հնագույն և հարուստ մշակույթը՝ վաղագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունումը: Այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:
Կից ներկայացվում են Դրենց թանգարանի կողմից պատրաստված միջոցառման ազդագիրը և գովազդային տեսահոլովակի հղումը: