Երեկ համացանցում տարածվել է աղմկահարույց մի ձայնագրություն, որին կից տեղեկատվությունից ու ձայնագրության բովանդակությունից պարզ է դառնում՝ Ագրարային համալսարանի դասախոսներից մեկը կազմակերպել է ուսխորհրդի նախագահի հանդիպումն ընդդիմության շարժման ներկայացուցիչների հետ:
Քննարկվում է, թե նա ինչով կարող է աջակցել շարժմանը, քանի ուսանողի կարող է մոբիլիզացնել, հատկապես ինչ է ակնկալվում իրենից և ինչի դիմաց: Տևական ժամանակ չեն կարողանում որոշել փոխադարձ սպասելիքները:
Ի վերջո, կոնկրետ տարբերակ է առաջարկվում ուսխորհրդի նախագահին. շարժման մասնակիցները ակցիա են կազմակերպում բուհի դիմաց, ուսանողները դուրս են գալիս, միանում ակցիային և երթով շարժվում են ինչ-որ գործողություն անելու, որը հետո են իրար հետ համաձայնեցնելու:
Նշվում է նաև առաջարկվող վարձատրության չափը՝ 2 միլիոն դրամ՝ 2 հազար հոգու համար կամ ամենքին հազար դրամ:
Ռեկտորն ասում է՝ ծանոթ է ձայնագրությանը, բայց գնահատականներ տալիս հարկավոր է զգույշ լինել, որովհետև հարցն արդեն իրավապահների տիրույթում է, և շատ բաներ դեռ պետք է պարզվեն:
Վարդան Ուռուտյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր) - Բայց ես մի գնահատական կարող եմ տալ ցանկացած խարդավանքի, մանիպուլյացիայի կամ ապօրինի գործունեության, որով կփորձեն ուսանողներին ներգրավել նման քաղաքական կամ ներքաղաքական խաղերին. մենք դատապարտում ենք նման գործողությունները, և պետք է նշեմ, որ հնարավոր չէ Ագրարային ուսանողին կամ ուսանողներին ներգրավել նման մանիպուլյացիոն գործընթացների, որովհետև Ագրարային համալսարանը 44-օրյա պատերազմում տվել է 44 զոհ, մենք ունենք 1500-ից ավելի մասնակիցներ, և մեր ուսանողները լավ են պատկերացնում թե ինչ է հայրենիքը, թե ինչ է Արցախը:
Դասախոսն այս բուհում աշխատում է ժամավճարային հիմունքներով և ոչ ամեն օր է գալիս:
Վարդան Ուռուտյան - Մենք դեռ չենք կարողացել կապ հաստատել դասախոսի հետ, շաբաթական մեկ թե երկու անգամ է դասեր ունենում: Իհարկե, այստեղ պետք է հասկանալ, և մեր էթիկայի հանձնաժողովը, իհարկե, կզբաղվի՝ պատկերացնելու համար, թե ինչ է եղել իրականում:
Ուսանողական խորհրդի նախագահը հաստատում է՝ հրապարակված ձայնագրության մեջ իր ձայնն է:
Թոռնիկ Ալիյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ) - Ձայնագրության մեջ, այո՛, ես եմ, չեմ հերքի, ուղղակի ուզում էի հասկանալ՝ ինչն է խնդիրը:
Պնդում է՝ գումար չի վերցրել, և հրապարակված ձայնագրությունից էլ կարելի է համոզվել, որ համաձայնություն չի տվել. «Ես գաղափարի տեր մարդ եմ ու ընդհանրապես մեր բուհի ուսանողությանը չէի հանի ցույցերի»:
Համալսարանում սկզբում իր հետ խոսել է դասախոսը, որին մինչ այդ չի ճանաչել:
Թոռնիկ Ալիյան - Ծրագրային հարց էր սկզբից, ես հետո չհասկացա` ինչու էս թեման փոփոխվեց և այլն: ինձ թվում է` նորմալ է, որ ժամանակ առ ժամանակ նման թեմաներ շատ են քննարկվում, նաև գիտեք՝ մի ժամանակ ուսանողական խորհուրդները քաղաքականացված են եղել:
Արդեն մյուս հանդիպումը, ավելի առարկայական խոսակցությամբ, եղել է բուհից դուրս: Թե հատկապես ովքեր են այդ տղամարդիկ, Թոռնիկ Ալիյանն ասում է՝ չգիտի, որովհետև շարժման մասնակից կուսակցությունն էլ մեկը չէ: Այդ հանդիպմանը գնացել է հետաքրքրությունից դրդված:
Թոռնիկ Ալիյան - Ուզում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչու հենց բուհերը, ու ինչ է անում մեր երկիրը, երբ թիրախավորում են բուհերին:
Ուսխորհրդի նախագահի տեղակալն ասում է՝ տեղյակ են հանդիպման բոլոր մանրամասներին:
Արմեն Սոլոմոնյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի փոխնախագահ) - Գնաց, հանդիպեց, առաջարկը լսեց, մերժեց, վերադարձավ, մենք ամեն ինչի մասին տեղյակ ենք եղել, ու տարածվեցին ձայնագրությունները, մարդիկ էլ, գիտեք, չիմանալով ոչինչ՝ սկսում են իրենց մեկնաբանությունները:
Գումարի չափը, նրա խոսքով, կապ չունի: Առաջարկը մերժելի է սկզբունքորեն:
Արմեն Սոլոմոնյան - Սկզբունքորեն դա մերժելի էր, ինչ գումար էլ առաջարկեին, մեր կառույցը ապաքաղաքականացված կառույց է, և հաստատ դրական պատասխան նրանք չէին ստանալու:
ՀՀ գլխավոր դատախազությունից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ խնդրո առարկա ձայնագրությունն ուսումնասիրվում է: Արդյունքներով պայմանավորված էլ կորոշվի հետագա ընթացքը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան