Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով ապացույցներից մեկը քննվեց դռնփակ կարգով: Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ, քանի որ պաշտպանական կողմի միջնորդությունը նույնպես այդ ռեժիմում քննվեց:
Մինչև դռնփակ նիստի անցնելը պաշտպանների և դատավոր Աննա Դանիբեկյանի միջև անհամաձայնություններ եղան։ Պաշտպանական կողմը նիստի մեկնարկին երեք միջնորդություն էր ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու, Արմեն Գևորգյանին երկրից բացակայելու թույլտվություն տալու, նաև նախաքննության ընթացքում քննիչի հավաքած ապացույցները անթույլատրելի ճանաչելու մասին:
Դատարանը, սակայն, որոշեց սկզբում հետազոտել ապացույցները, ապա քննել այս միջնորդությունները: Պաշտպանական կողմը առարկեց դատարանի գործողությունների դեմ:
Հովհաննես Խուդոյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան ) - Իմ ներկայացրած միջնորդությունը վերաբերում ա հենց հետազոտության ենթակա ապացույցներին, կոնկրետ՝ առաջինը, և, կարծում եմ՝ տրամաբանական է, որ դրա հարցը քննարկվի:
Դատարանը գտնում է, որ ավելի արդյունավետ կլինի այդ միջնորդությունը քննարկել հենց այդ ապացույցը հետազոտելուց հետո՝ հակադարձեց դատավորը:
Երբ մեղադրողը սկսեց հրապարակել այն, Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հինգ րոպե ընդմիջում խնդրեց՝ խորհրդակցության համար։
Գևորգ Բաղդասարյան (մեղադրող դատախազ ) - Պաշտպանական կողմի գործողություններն ակնհայտորեն ուղղված են ապացույցների հետազոտմանը խոչընդոտելուն: Էս միջնորդություններն էլ ձևական են:
Նիստը ընդմիջելու խնդրանք այս անգամ էլ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ուներ:
Հայկ Ալումյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան ) - Ես ուզում եմ ընդմիջում, հիմա չբացատրեմ՝ ինչու, որովհետև այդպիսի անհրաժեշտություն ունեմ, հիմա միկրոֆոնից հեռու ասել, որ, օրինակ՝ ունեմ որոշակի անհրաժեշտություն բնական կարիքները հոգալու:
Նիստը ընդմիջելու անհրաժեշտություն դատարանը չի տեսնում՝ հայտարարեց Դանիբեկյանը, ինչից հետո պաշտպաններ Հայկ Ալումյանը, Լուսինե Սահակյանը և Հովհաննես Խուդոյանը դուրս եկան նիստերի դահլիճից:
Ռոբերտ Քոչարյան - Անիմաստ լարվածություն եք ստեղծում:
Դատավորը նշեց, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։ Մեղադրող կողմը նկատեց, որ պաշտպանների գործողություններն ուղղված են ապացույցների հետազոտումը բացառելուն:
Մեկ րոպե անց պաշտպանները վերադարձան, ապա միջնորդեցին ապացույցներից մեկը քննել դռնփակ կարգով, ինչը բավարարվեց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան