Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններում առաջընթացի մասին:
«Այսօր երեկոյան վարչապետ Վիկտոր Օրբանի մեր քննարկումը օգտակար էր պատժամիջոցների և էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերի պարզաբանման համար։ Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց հետագա աշխատանք է պետք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ամփոփելով Հունգարիա կատարած այցը։
Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խորհրդակցություն կհրավիրի՝ ուղղված նավթային ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:
Ավելի վաղ Հունգարիան, որի կախվածությունը ռուսական նավթից ու գազից մեծ է, կտրականապես դեմ էր արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթում նավթային էմբարգո սահմանելուն:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից էլ հայտնել են, որ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց կունենա Հունգարիայի վարչապետի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում համաձայնության հասնելու համար: Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Մոսկվայի դեմ սահմանափակումների փաթեթը մոտ օրերս կընդունվի: