ԱՄՆ-Ը ԿԱՐԱԳԱՑՆԻ ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Ջո Բայդենը ստորագրել է լենդ-լիզով Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը։ Նպատակն է՝ արագացնել Կիևին ռազմական աջակցության տրամադրումը՝ հայտնում են ԱՄՆ նախագահի վարչակազմից։
Օրենքի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարն օժտվում է ավելի լայն լիազորություններով՝ Կիևի հետ ռազմական տեխնիկայի ժամանակավոր օգտագործման մասին համաձայնագրեր կնքելու համար: Փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին, չստանալով նախնական վճար, օգնել ցանկացած երկրի, որը ռազմական աջակցության կարիք ունի։
Լենդ-լիզի մասին առաջին պայմանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1941 թվականի մարտին՝ դաշնակիցներին օգնելու համար։
Ջո Բայդենը նաև Կոնգրեսին հորդորել է անհապաղ հաստատել Ուկրաինային ավելի քան 30 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ իր խնդրագիրը, հակառակ դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի մոտ 10 օրից դադարեցնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը տվյալ փաթեթի շրջանակում։
ԿԻԵՎԸ ԵՄ-ԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ
Ուկրաինան Եվրամիությանն է փոխանցել կառույցին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաշարի երկրորդ մասը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք դեպի Եվրամիություն մեր ճանապարհին: Հարցաթերթիկը պետք է լրացնի յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է Միության անդամ դառնալ: Սովորաբար գործընթացը տևում է ամիսներ: Բայց մենք դա արեցինք մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի փոխվարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթղթի երկրորդ մասը նվիրված է Ուկրաինայի օրենսդրության համապատասխանությանը եվրոպականին։
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տարիներ պահանջվել, նույնիսկ՝ տասնամյակներ։ Նա առաջարկել է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Ուկրաինան։ Արտգործնախարար Դմիտրո Կուլեբան արձագանքել էր նախագահ Մակրոնին՝ հայտարարելով, որ եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին: «Ուկրաինան դա չի հանդուրժի»,- շեշտել է Կուլեբան:
ՄԱԿ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
ՄԱԿ-ը չի բացառում Մարիուպոլից և «Ազովստալից» խաղաղ բնակիչների տարհանման նոր գործողությունների կազմակերպումը՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչը։
«Ռազմական գործողությունների մասնակիցների տարհանման մասով․․․ Այդ հարցը Կարմիր խաչի պատասխանատվության շրջանակում է»,- ընդգծել է Ֆարհան Հակը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Մեկնաբանելով Կիևի հայտարարություններն այն մասին, թե «Ազովստալ» գործարանից տարհանվել են բոլոր խաղաղ բնակիչները, նա նշել է․ «ՄԱԿ-ն այդ հարցում վստահ չէ»։
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել էր, որ գործարանից և Մարիուպոլի շրջաններից տարհանվել է շուրջ 170 խաղաղ բնակիչ։
Նրա խոսքով՝ դա «Ազովստալից» տարհանման վերջին գործողությունն էր։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնում են, որ «Ազովստալի» տարածքում այժմ մարտական գործողություններ են ծավալվում։
ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հունգարիա այցից հետո հայտարարել է հակառուսական պատժամիջոցների հարցով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններում առաջընթացի մասին: Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խորհրդակցություն կհրավիրի՝ ամրապնդելու նավթային ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանային գործակցությունը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից էլ հայտնել են, որ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց կունենա Հունգարիայի վարչապետի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում համաձայնության հասնելու համար: Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Մոսկվայի դեմ սահմանափակումների 6-րդ փաթեթը կընդունվի մոտ ապագայում:
Ավելի վաղ Վիկտոր Օրբանը նամակ էր հղել Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ նշելով, որ Հունգարիան պատրաստ չէ ընդունել ռուսական նավթի էմբարգո սահմանելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը։
ՃԱՊՈՆԻԱՆ ԿԹՈՒԼԱՑՆԻ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻՑ
Ճապոնիան այս պահին չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից, սակայն աստիճանաբար կթուլացնի կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ այլընտրանքային աղբյուրներ փնտրելով՝ հայտնել են Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունից։
Նաև հանրայնացվել են հակառուսական սահմանափակումների ընդլայնված ցուցակները։ Դրանց համաձայն՝ Տոկիոն պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 130 անձի, այդ թվում՝ ՌԴ վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի, Լուգանսկի և Դոնեցկի առաջնորդների նկատմամբ։
Լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառվել նաև, Ճապոնիայի գնահատմամբ, պաշտպանական հատվածի հետ կապ ունեցող 70 կազմակերպության դեմ։