Ուկրաինան Եվրամիությանն է փոխանցել կառույցի անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաշարի երկրորդ մասը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Այսօր մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք դեպի Եվրամիություն մեր ճանապարհին: Հարցաթերթիկը պետք է լրացնի յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է ԵՄ-ի մաս դառնալ: Սովորաբար գործընթացը տևում է ամիսներ: Բայց մենք դա արեցինք մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է Զելենսկին:
Ուկրաինայի փոխվարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ փաստաթղթի երկրորդ մասը վերաբերում էր Ուկրաինայի օրենսդրության համապատասխանությանը եվրոպականին։
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տարիներ պահանջվել, նույնիսկ՝ տասնամյակներ։ Նա առաջարկել է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Ուկրաինան։