Ընդդիմության հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված հերոսների: Ապա հնչեցին Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերը: Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները բռունցքները վեր բարձրացրեցին, բացականչեցին՝ Արցախ:
«Միություն», «Պայքար», «Հաղթանակ» կոչերով բեմ բարձրացան նաև սփյուռքից ու Արցախից եկած մասնակիցները: Հայտարարեցին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն էլ այսօր որոշ փակագծեր բացեց, թե ինչ է սպասվում Փաշինյանի հրաժարականից հետո: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, որն ապահովելու է թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նաև նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա: Այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:
Սաղաթելյանն ընդգծեց՝ նոր իշխանությունը կբացառի նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին ապաշրջափակման անվան տակ, իր բնորոշմամբ՝ միջանցքի տրամադրումը թշնամի երկրին, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի գնա սահմանագծման ու սահմանազատման:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի խոսքով՝ իրենց համար առաջնային կլինի գերիների վերադարձի հարցը: Երկրի ներսում էլ կապահովեն պարենային անվտանգությունը, տնտեսական աճը կարտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա: Իսկ թե ովքեր են այս օրակարգի իրագործողները, Սաղաթելյանը անուններ չբացահայտեց, բայց վստահեցրեց՝ 250 պրոֆեսիոնալ անձանց անունից բաղկացած ցուցակ ունեն:
Իշխան Սաղաթելյան - Նոր կառավարությունը կձևավորի ներքին համերաշխություն, կաշխատի 1-1.5 տարի ու կկազմակերպի նոր ընտրություններ:
Գործող իշխանության հրաժարականին հասնելու բանաձևն էլ, ըստ նրա, լայն համախմբման մեջ է: Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների թիվը, դառնալ իրադրության իրական տերը: Փաստացի իշխանությունը այլևս հրապարակում է՝ հայտարարեց նա: Հայ զինվորը չի պարտվել, պարտվել է իշխանությունը. սա էլ պնդեց Սիսական գնդի հրամանատար Աշոտ Մինասյանն ու պատմությունից օրինակ հիշեց:
Անդրադարձան նաև Գյումրիի երեկվա հանդիպմանը, ասացին՝ հրաշալի հանդիպում են ունեցել շիրակցիների հետ, թեև, իրենց խոսքով, իշխանության կողմից սադրանքներ են եղել:
Սևակ Նազարյան («Դիմադրություն» շարժման անդամ) - էսօր էլ տարածում են, թե իբր ծեծկռտուք ա եղել, մեր ընկերներից, ես էլ կարծեմ կամ էդ տեսանյութում, հարձակվել ենք էդ ծնողների վրա: Ժողովուրդ ջան, մենք մեզ, հավատացե՛ք, մեր քանակի համեմատ պահել ենք հային վայել և ոչ մեկի վրա ձեռք չենք բարձրացրել:
Հանրահավաքից հետո ընդդիմությունը քայլերթ արեց: