Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը. Երևան-Բրյուսել դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին նվիրված հանդիպմանը հայտարարեց Անդրեա Վիկտորինը: Նշեց՝ Բրյուսելը պատրաստ է ավելին անել, բայց որոշումները կայացվելու են 2 երկրի միջև:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան) - Եվրամիությունն այս ոլորտում պարզապես միջնորդ է: Միջնորդություն չի նշանակում առաջարկներ, լուծումներ ներկայացնել: Միջնորդությունը նշանակում է ստեղծել միջավայր, որ տարաձայնության կողմերը հանգեն ընդհանուր լուծումների:
Շարունակաբար հանդիպելու ենք կողմերի հետ, հասկանալու՝ ինչ կարող ենք անել բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Մեր նպատակն է օգնել հասնել կայուն լուծմանը և հնարավորություն տալ ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում:
«Բանակցությունների հիմքը անվտանգությունն է, որին աջակցում է նաև Եվրամիությունը»,- հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարարը:
ՀՀ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ չնայած մարտահրավերներին՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները գրանցել են մեծ ձեռքբերումներ: ԵՄ-ն մեր ամենամեծ առևտրային գործընկերներից է:
Պարույր Հովհաննիսյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Հաջողություններ ունենք ավիացիայի, նորարարության ոլորտում: Եվրամիության միջոցով կարողանում ենք նաև ոլորտային ծրագրեր իրականացնել: Եվրամիությունը Հայաստանին աջակցել է նաև համավարակի շրջանում, աջակցել է պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծմանը: Լիահույս եմ, որ երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան ճիշտ ուղղությամբ:
Անն Լույո (Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Հունվարի 1-ին Ֆրանսիան ստանձնել է Եվրամիության խորհրդում նախագահությունը: Կարևոր օր է, Եվրոպայի օրն է: Ուզում եմ ընդգծել, որ մեծապես աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:
ԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Դեսպան Վիկտորինը հաստատեց Եվրամիության աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին և ժողովրդավարությանը. «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը համարում է Երևան-Բրյուսել հարաբերությունների ուղեցույցը, այն հիմք է՝ ընդլանելու բարեփոխումների օրակարգը:
Անդրեա Վիկտորին - ՍԵՊԱ-ն նոր հիմք է ստեղծում՝ ընդլայնելու բարեփոխումների օրակարգը: Հպարտ եմ , որ Հայաստանի կառավարությունը ընդունում է այն՝ որպես բարեփոխումների նախագիծ: Եվրամիությունը և Հայաստանը հանձնառու են աշխատել միասին՝ ի բարօրություն քաղաքացիների և նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունությանը: Անելիքները շատ են: Կարևորում եմ «Թիմ Եվրոպայի» աշխատանքը, համատեղ իրականացվում է «Դիմակայություն Սյունիքում» ծրագիրը, որը ուղենշային է և մշակվել է կառավարության հետ:
Սյունիքին աջակցությունը միայն ճանապարհաշինական ոլորտում չէ. ներառում է փոքր ու միջին բիզնեսը, կրթական համակարգը: Դեսպանն անդրադարձավ Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական փաթեթներին` նշելով, որ պետք են տեխնիկատնտեսական հիմնավորումներ՝ հստակ պատկերացնելու ծրագրերի տնտեսական ազդեցությունը: Որոշ նախագծերի դեպքում առաջընթաց կա, ստորագրվել է կանաչ ավտոբուսների ծրագիրը: Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցող ընդդիմության ցույցերի մասին հարցին:
Անդրեա Վիկտորին - Հետևում ենք զարգացումներին, տեսել ենք շատ իրավիճակներ և, իհարկե, այդ իրավիճակներում երբեմն հարցեր են բարձրացվում, և ես էլ եմ հարցեր բարձրացնում և անում եմ դա ուղիղ: Կարծում եմ՝ շատ հստակ հայտարարություն եմ արել, որ Ոստիկանությունը ևս պետք է ենթարկվի բոլոր օրենքներին և կանոններին, չպետք է լինի անպատժելի, բայց, մյուս կողմից, կցանկանայի նշել, որ խաղաղ ցույցերի մասին տարբեր պատկերացումներ կարող են լինել, եթե, օրինակ՝ լինում են սադրանքներ, ես ինձ հարց կտայի՝ որն է սահմանը:
Դեսպանը նշեց՝ խորապես համոզված է՝ մեզ ռազմավարություն է անհրաժեշտ: Պարզաբանեց՝ պետք է քաղաքացիներին պատասխանել՝ ինչ է առաջարկվում կյանքի որակի բարձրացման համար:
Պետք է լսել ժողովրդի ձայնը, որն ամենաբարձրն է, և դրանից հետո յուրաքանչյուրը կատարի իր ընտրությունը, հայտարարեց Անդրեա Վիկտորինը: