Հայաստանից ժամանած մոտ երկու տասնյակ գործարար հայկական արտադրանքի մեծ տեսականիով ժամանել են Լոս Անջելես՝ շուկան ուսումնասիրելու, տեղի գործարարների հետ կապեր հաստատելու և արտահանման հնարավորությունները գնահատելու համար։ Մեկշաբաթյա ծրագրի շրջանակում, որին աջակցում է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, նախատեսված են շփումներ հայ համայնքի, տեղի հայ գործարարների, առևտրային կազմակերպությունների ու քաղաքային իշխանությունների հետ։
Հայ գործարարներն իրենց արտադրանքը ներկայացրին Սուրբ Ղևոնդյանց տաճարի բակում կազմակերպված առևտրային ցուցահանդեսի ընթացքում։
Մարիամ Մանուկյան (Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ) - Քառասունից ավելի ապրանքանշաններ են ներկայացված, մեծ հետաքրքրության են արժանանում բոլոր ապրանքները, մասնավորապես, քաղցրավենիքը, խմիչքը, որոնք դեռ այս շուկայում ներկայացված չեն, և այդ թվում՝ Արցախի բարիքները, քաղցրավենիքը, հուշանվերները, հելունագործ շարֆերը, և, կարծում եմ՝ այս նախագիծը կլինի շարունակական, ոչ միայն տոն դարձնելու, այլև նոր հարթակ ստեղծել նոր շուկաներ գրավելու համար։
Արմեն Վարդանյան (Հայ-ամերիկյան գործարար խորհրդի անդամ) - Հուսամ՝ բոլոր ընկերություններն էլ իրենց տեղը կգտնեն այս շուկայում, մենք կաջակցենք, կան արդեն հետաքրքրություններ, պրոյեկտներ, որոնք պատրաստ են, որ առաջարկներ անեն, այնպես որ, քայլ առ քայլ, այն ընկերությունները, որոնք դեռևս ներմուծում չեն արել այստեղ, մենք կօգնենք, որ իրենք իրենց տեղը գտնեն:
Վարազդատ Պահլավունի (Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական) - Մենք ունենք հայ-կալիֆոռնիական մի շարք իրավական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս հայ գործարարներին կապեր հաստատել իրենց գործընկերների հետ Լոս Անջելեսում կամ Կալիֆոռնիայում և համատեղ ծրագրեր իրականացնել: Գլխավոր հյուպատոսը պատրաստ է աջակցել հայ գործարարներին իրենց արտադրանքը ԱՄՆ-ում ներկայացնելու գործում:
Հայաստանից ժամանած գործարարները ցուցահանդեսի հյուրերին ներկայացնում էին իրենց ապրանքի առավելությունները, հյուրասիրում ու զարմացնում ինքնատիպ գաղափարներով, ինչպես, օրինակ՝ չրից պատրաստված սիգարով, արցախյան նռան օշարակով ու դեղաբույսերով։
Հրանուշ Ռստակյան (գործարար) - Ամերիկյան շուկայում գնահատում են և՛ մաքուր արտադրանքը, և՛ ձեռքի աշխատանքը, և՛, կարծում եմ՝ գնողունակ են:
Սիմակ Հովհաննիսյան (գործարար) - Ամերիկյան շուկային առաջարկում ենք չորացրած կանաչիների լայն տեսականի, համեմունքներ, չրեր մեր հայկական, չայերի տեսականի ունենք:
Մելքոն Պապյան (գործարար) - Նախատեսած չի միայն հայերի համար, այլև ամբողջ ԱՄՆ ժողովրդի համար, ում հետաքրքիր կլինի։ Հեռանկար կա, շուտով կհանդիպենք մի շարք մեծ ցանցերի տնօրենների հետ, ում հետ, հուսով եմ, կունենանք պայմանագրեր։
Հովիկ Բարսերեչյան (գործարար) - Ես բնակվում եմ Լոս Անջելեսում, ներկայացնում եմ «Արցախ Բերրի» ընկերությունը, որը հաստատված է Արցախում։ Ունենք նռան օշարակ, հյութ, ամեն տեսակի օղի և գինի: Այս տեսակ ձեռնարկները կօգնեն, որ հայ գաղութը ծանոթանա։
Հայաստանից ժամանած գործարարները մասնակցեցին նաև Գլենդեյլի քաղաքապետարանի կազմակերպած քննարկմանը, որի ընթացքում ներկայացվեցին քաղաքի ներմուծման կարողություններն ու տեղի շուկայի պահանջները։
Գործարարները եղան նաև ամերիկյան պարենային խանութների ցանցերից մեկում՝ առավել հստակ պատկերացնելու հայկական արտադրանքի հնարավորություններն ամերիկյան շուկայում։
Արտաշես Քասախյան (Գլենդեյլի քաղաքապետ) - Ապրանքները յուրահատուկ են, անշուշտ Արցախի ապրանքը սիրում եմ, լեռնային ծաղիկներով թեյերը անհամեմատելի են, ոչ միայն առողջարար, կա նաև ձեռագործ, կա ամեն տեսակ աշխատանք, որ, հուսով եմ՝ կարող է մտնի ամերիկյան ոչ հայկական շուկաներում։ Այսօր կա շարժում ԱՄՆ-ում, որ ամեն ինչը լինի բնական, լինի առանց արհեստական դեղերի, օրգանիկ, և Հայաստանի ապրանքները օրգանիկ են, և եթե կարողանանք պահպանել բնապահպանական մթնոլորտը Հայաստանում, և չպղտորվի բնական բույսերը բանջարեղենը, կարծում եմ՝ շատ հարգի կանցնի ամերիկյան շուկայում։
Առևտրային ցուցահանդեսի հաջորդ օրը հայաստանցի գործարարները տեղի հայկական և ամերիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեցին՝ ինչ քայլեր են անհրաժեշտ գործարար կապերն ընդլայնելու մտադրությունը գործի վերածելու համար։
Ալեք Բաղդասարյան (Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հիմնադիր) - Սփյուռքում ունենք շատ հայեր, որ իրարու եթե միանանք, կարող ենք Հայաստանը դարձնել դրախտ։
Գործարար քննարկմանը մասնակցում էր նաև Միացյալ Նահանգներ-Մեքսիկա առևտրի պալատի գործադիր տնօրենը։ Մառլեն Մարուքոն խոսեց հայկական արտադրանքը Մեքսիկա արտահանելու հնարավորությունների մասին։ Նա նշեց, որ Հայաստանի և Մեքսիկայի տնտեսական կապերի ակտիվացման բավարար իրավական հիմքեր կան, կան նաև ժողովուրդների միջև ընդհանրություններ ու առևտուրն ընդլայնելու ներուժ։
Մառլեն Մարուքո (ԱՄՆ-Մեքսիկա առևտրի պալատի գործադիր տնօրեն) - Հայաստանի հետ աշխատելու մեծ հնարավորություններ ենք տեսնում։ Շատ կցանկանայինք այցելել Հայաստան և քննարկել դրանք։ Հեռանկարային է, օրինակ՝ ագրոբիզնեսը, առողջապահական, տուրիզմի ոլորտները։ Ես նաև լսել եմ, որ դուք արտադրում եք շոկոլադ, իսկ Մեքսիկան շոկոլադ է արտահանում աշխարհով մեկ։ Որոշ առևտրային կապեր կան, ինչպես՝ սուրճի, թեյի, չրերի և ալկոհոլային խմիչքների առևտուրը, որի ծավալները կարող ենք ավելացնել։
Հայաստանից ժամանած գործարարները հայկական արտադրանքն արտահանելու հնարավորությունները կքննարկեն նաև Լոս Անջելեսի առևտրի պալատի ղեկավարների հետ։