Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին, Ուկրաինան դա չի հանդուրժի։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան Financial Times պարբերականին տված հարցազրույցում։
«Ուկրաինան միակ տեղն է Եվրոպայում, որտեղ մարդիկ զոհվում են եվրոպական արժեքների համար: Կարծում եմ՝ այս փաստը հարգանքի է արժանի»,- նշել է նա։
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տասնամյակներ պահանջվել և հարկավոր է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Կիևը, Կուլեբան ընդգծել է․ «Մեր երկիրը մտադիր չէ ընդունել եվրոպական մայրաքաղաքների այլընտրանքային տարբերակները։ Հունիսին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալն այժմ առաջնահերթություն է Կիևի համար, քանի որ դա թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել բոլոր հարցերը»։
Ուկրաինայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաև Ռուսաստանի հատուկ գործողությանը։
«Պատերազմի առաջին շրջանում մեզ համար հաղթանակ կարող էր համարվել նույնիսկ ռուսական զորքերի հետքաշումը մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքեր։ Հիմա, եթե հաղթենք Դոնբասի համար ճակատամարտում, հաղթանակ կհամարենք մեր մնացած տարածքների ազատագրումը»,- համոզմունք է հայտնել Կուլեբան։
ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍՏՈՒԳՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Մեկնարկում է Բելառուսի զինված ուժերի մարտական պատրաստության աստիճանի անակնկալ ստուգումների երկրորդ փուլը՝ հայտարարել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Սա մայիսի 1-ից ՆԱՏՕ-ի երկրների տարածքում անցկացվող զորավարժություններին մեր արձագանքն է»,- հստակեցրել է պաշտոնյան։
Երկրի արձագանքման ուժերի անակնկալ ստուգման առաջին փուլի մասին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր մայիսի 4-ին։ Ըստ նախարարության՝ դրա նպատակն է գնահատել անձնակազմի պատրաստականությունն ու կարողությունը՝ արագ արձագանքելու հնարավոր ճգնաժամային իրավիճակներին։
ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ՇՈՒՐՋ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է
Ռուսական նավթի էմբարգոյի շուրջ ԵՄ դեսպանների հետաձգված քննարկումը վերսկսվել է, պայմանավորվածություններ դեռևս չկան: Հարցը կարող է քննարկման դրվել Եվրամիության երկրների արտգործնախարարների մայիսի 16-ի հանդիպմանը: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ միասնական որոշում կայացնելու ճանապարհին առկա են մի շարք խնդիրներ։
Ավելի վաղ՝ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին չէր հաջողել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, մասնավորապես՝ Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ է ռուսական նավթի էմբարգոյին։
Սակայն նախօրեին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հունգարիա այցից հետո հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների հարցով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել:
ԵՐԿԱՐ ԿՏԵՎԻ. ԱՔԱՐԸ՝ ԱՄՆ-ԻՑ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդարադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման հնարավորությանը։
«Դա երկար կտևի»,- նշել է Հուլուսի Աքարը՝ հույս հայտնելով, որ գործընթացը դրական ավարտ կունենա:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցով շփումները կակտիվացվեն, անհրաժեշտության դեպքում գործընթացին կարող են ներգրավվել նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Ջո Բայդենը:
Աքարը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ է ակնկալում Ֆրանսիայի և Իտալիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրականացման հարցում:
Նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններին։
«Անկարան կողմ է երկու երկրի միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով կարգավորմանը, սակայն հունական կողմը շարունակում է սադրիչ գործողություններ իրականացնել, մասնավորապես՝ ջրային սահմանների հարցում»,- ընդգծել է Աքարը։
ԱՄԲԱՐՏԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ամբարտակաշինության աշխատանքները, որոնց հետևանքով խնդիրներ են առաջանալու Իրանի և տարածաշրջանի այլ երկրների բնակիչների համար, անընդունելի են։
Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությանը խնդրել են լուրջ ուշադրություն դարձնել Արաքս գետի վրա ամբարտակների կառուցման խնդրին․ այդ հարցն արծարծվել է Թուրքիայի արտգործնախարարի հետ դեմ առ դեմ երեք հանդիպումներում։
«Թուրքիան 1997 թվականից Նյու Յորքի կոնվենցիայի անդամ չէ, հակառակ դեպքում կկարողայինք հարցը միջազգային մեխանիզմներով լուծել»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը և հավելել, որ Թուրքիայի կառավարության հետ առաջին անգամ համաձայնություն է ձեռք բերվել՝ ձևավորելու ջրային հարցերով միացյալ կոմիտե։