«Դիմադրություն» շարժման այսօր իրականացրած անհնազանդության ապակենտրոն ակցիաները մեկնարկեցին մայրաքաղաքի չորս վարչական շրջաններից: Նոր Նորք, Էրեբունի, Աջափնյակ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից ակցիաները սկսեցին երթերով, ուղղությունը` դեպի Կենտրոն: Երթի ընթացքում շարժման առաջնորդները հանդես էին գալիս ելույթներով ու հայտարարություններով.
«Սիրելի հայրենակիցներ, մենք դուրս ենք եկել պայքարի հանուն Հայաստանի և Արցախի հարատևության: Այս իշխանությունը փորձում է կասեցնել հայ ժողովրդի պատմական ընթացքը իր հայրենիքում. թույլ չենք տալու»:
Երբ Նոր Նորքից երթը հասավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, ցուցարարները նստեցին Ռուբինյանց փողոցի մեջտեղում, ընդհարում սկսվեց ոստիկանության հետ: Մի քանի հոգի բերման ենթարկվեցին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ երթի առաջնորդները նստեցին ճանապարհի հենց մեջտեղում: Այստեղ ևս ընդհարումն անխուսափելի էր: Օրվա ընթացքում բերման է ենթարկվել 64 քաղաքացի:
Քաղաքի որոշ հատվածներում երթը դադար էր վերցնում պարերով: Օրվա ամփոփիչ հավաքը Ֆրանսիայի հրապարակում էր: