Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաև պարենային ճգնաժամի վտանգը՝ հայտնել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից։
«Պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև համաձայնել են, որ կրակի դադարեցումն անհետաձգելի է»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՉԺՀ նախագահը Եվրոպային կոչ է արել՝ իր ձեռքը վերցնելու անվտանգության հետ կապված իրադրությունը:
«Չինական կողմը մշտապես հանդես է եկել հաշտության և բանակցությունների կոչերով: Պեկինն աջակցում է նրան, որ եվրոպական երկրները Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն»,- Սի Ծինփինի խոսքը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: