ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։
Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Սահակյանը (67 կգ):
Հայաստանի հավաքականի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200)։ Ի դեպ, նա երկրորդ տարին անընդմեջ է հռչակվել երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա՝ 170 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրում վարժությունում էլ հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա՝ 195 և 200 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):
89 կգ քաշայինների պայքարում Սուրեն Գրիգորյանն արծաթե մեդալակիր է դարձել երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185)։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:
Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից:
Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (81 կգ) երկամարտի 211 կգ արդյունքով (96+115) զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջինը մրցահարթակ է դուրս եկել 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ, իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Պաղեստինի ներկայացուցիչ Համադա Մոհամեդը (361 կգ):
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր էր մեկնել 9 ծանրորդ։