Ելակի բերքահավաքով Հայաստանում առաջինը, թերևս, ոսկեվազցիներն են բացում գյուղատնտեսական տարին։ Այս գյուղի գրեթե բոլոր բակերում երկրում առաջինը հասնող հատապտղի և՛ ջերմոց կա, և՛ բաց դաշտ։
Մելանյա Պողոսյան - Առաջին բերքը սկսել ենք ապրիլի 27-28-ից, հետո ջերմոցը վերջանում ա, դաժե նենց ա լինում՝ ջերմոցը չպրծած՝ բաց դաշտինը հասնում ա:
Պողոսյանների ընտանիքը ելակ է մշակում արդեն մոտ 20 տարի։ Այգու այժմյան սածիլները իտալական Կապրի սորտն է՝ ձիգ, համեղ, հոտավետ։ Վաճառում են մի քանի խանութների ու խմորեղենի արտադրամասերի։ Եկամտից գոհ են:
Ցոլակ Պողոսյան (այգետեր) - Գինը, երևի որ ապրանքը քիչ ա, գները բարձր են, ձեռնտու ա:
Ելակը Աշտարակի տարածաշրջանում մի քիչ նոսր է, մարտի ցրտահարության պատճառով առաջին-երկրորդ ամենաթանկ բերքը փչացրեց՝ ասում են այգետերերը։ Նախորդ շաբաթվա կարկուտն էլ տերևներն է վնասել: Եթե եղանակն այլ անակնկալներ չմատուցի, այս թփերը գարնանից հետո մի հատ էլ աշնանը բերք կտան։
Ելակը քաղհանել-քաղելով Տաթևիկը զբաղվում է 13 տարեկանից։ Դաշտը, ի դեպ, իրենցը չէ․ 5 աշխատող կանանցով իրենք Ոսկեվազ գալիս է մեկ այլ բնակավայրից՝ Կոշից։ Մոտակա մյուս այգին մոլախոտերից մաքրազարդողները հարևան Օշականից են։ Տարածքի բոլոր գյուղերում գիտեն, որ սեզոնին Ոսկեվազում կարելի է գործ գտնել ու գումար վաստակել։
Պողոսյանների օգնական հնգյակը շուտով՝ մի տասն օրից, երբ բաց դաշտի ելակն էլ կարմրի, կհասնի 20 աշխատողի։ Կատակ բան չէ՝ հին ու նոր սարքած բոլոր ջերմոցները և բաց դաշտերը միասին 1,5 հա այգի ունեն, օրումեջ պետք է քաղվի՝ ասում է տիկին Մելանյան:
Այս տեմպով մի քիչ շատ, մի քիչ քիչ՝ Ոսկեվազում ելակ է մշակում մոտ 500 տնտեսություն ունեցող գյուղի գրեթե 80 տոկոսը։ Ըստ գյուղամիջյան մոտավոր հաշվարկների՝ Հայաստանում իրենց հավասար ելակ ոչ մի ուրիշ բնակավայրից շուկա դուրս չի գալիս։
Գյուղից ելակ արտահանողի չգիտի՝ ասաց ֆերմեր Ցոլակը։ Օրվա քաղածը բոլորը հիմնականում շուկաներում են սպառում․ քաղելը՝ ծնկաչոք կամ գլխի վար կռացած, հեշտ չէ, բայց գյուղատնտեսական գործերի շարքում ամենահաճելիներից է։