2015 թվականին թուրքական բանակի ու քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով զգալիորեն տուժած Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին նորից կարող է ընդունել հավատացյալների: 7 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո Պոլսո Հայոց Պատրիարքի մասնակցությամբ տեղի ունեցավ պաշտոնական վերաբացման ու օծման արարողությունը։ Սահակ Մաշալյանի խոսքով՝ բացման հանդիսավոր արարողությունն իր էությամբ պատմական նշանակություն ունի:
Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան (Կ. Պոլսի Հայոց Պատրիարք) - Հակամարտությունների արդյունքում եկեղեցին ավերակ էր դարձել, սակայն եկեղեցու վերականգնումը հնարավոր եղավ իրականացնել շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության տրամադրած միջոցներով։ Կասկածից վեր է, որ այս բացումը տոն է Դիարբեքիրի հայերի համար։ Այս եկեղեցու բացումը փրկօղակ է Դիարբեքիրի փոքրացող քրիստոնյա համայնքի համար:
Միջոցառմանը ներկա Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյն էլ իր խոսքում նշեց, որ Դիարբեքիրում մշտապես համագոյակցել են տարբեր մշակույթներ և կրոններ:
Մեհմեդ Նուրի Էրսոյ (Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար) - Մենք հավատում ենք, որ Անատոլիայում գտնվող աղոթատեղիները հարգանքի և մեր եղբայրության խորհրդանիշն են։ Պետք է չմոռանալ, որ պաշտամունքի և հավատքի վայրերի պահպանումը նույնքան կարևոր է, որքան դրանց նկատմամբ հարգանքը:
Եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահ Էրգյուն Այըքը, Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հայեր Ստամբուլից, աշխարհի տարբեր անկյուններից, Դիարբեքիրի բնակիչներ։ Յոթ տարվա դադարից հետո եկեղեցու վերաբացման արարողությունը համախմբել էր նաև Դիարբեքիրի հայ սակավաթիվ համայնքի ներկայացուցիչներին։
Օհաննես Գաֆուր Օհանյան (Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ) - Յոթ տարի է` Դիարբեքիրի հայերով ոչինչ չէինք կարողանում անել։ Ո՛չ կարողանում էինք մեր տոները նշել, ո՛չ Նոր տարի, ո՛չ կնունք էինք կարողանում անել։ Այսօր այդ առումով շատ ուրախ ենք։ Հույս ունեմ՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերջին բացումը կլինի։ Հուսամ՝ միշտ կգործի։ Դիարբեքիրը՝ Տիգրանակերտը, հայկական քաղաք է։ Ինչքան էլ որ քիչ մնացած լինենք, զրոյացած լինի ամեն ինչ, եկեղեցու բացումը կրկին ապացուցեց Դիարբեքիրի հայերի գոյությունը։ Սրա համար էլ շատ ուրախ ենք։
Արարողությանը ներկա Դիարբեքիրի հայերը, բոլորն էլ հույս էին հայտնում, որ եկեղեցու զանգերի ղողանջն այլևս չի դադարի, իսկ վերաբացման նոր արարողությունների կարիք չի լինի:
Խանգյուլ Օզբեյ (հայազգի լրագրող, Դիարբեքիր) - Անկեղծ ասած, այս պահին շատ հուզված եմ։ Այս բազմությունը մեծ ուրախություն է պարգևում, միաժամանակ՝ տխրություն։ Կարծում եմ՝ մարդիկ որոշակի փոխըմբռնման շրջանակներում կարող են սոցիալական հաշտության մեջ լինել։ Եկեղեցու ու մզկիթի ձայները միահյուսվելու են, ինչպես դարեր առաջ էր, և մարդիկ կարող են ազատորեն դավանել իրենց կրոնը։
Արարողությանը հայրուրավոր հայեր էին եկել Ստամբուլից, Թուրքիայի տարբեր ծայրերից։ Հրավիրյալների շարքում էին նաև Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ՝ լրագրողներ, հրատարակիչներ, հասարակական գործիչներ։
Բագրատ Էստուկյան («Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր) - 10 տարի առաջ բացում արեցինք։ Եկեղեցին դարձյալ նորոգված, օծված էր։ Դռնբացեքի արարողությամբ բացած էինք, հաջորդ օրը՝ անդրանիկ պատարագ։ Այդպեսով էլ այս քաղաքում արտակարգ կենսունակություն եղավ՝ իսլամացված հայերի վերադարձի միջոցով։ Եկեղեցին ձևով մը ժողովուրդ գոյացրեց։ Հետո բոլորին հայտնի պատերազմական իրավիճակ եղավ այս շրջանում, եկեղեցին վնասվեց, պատմական թաղն ամբողջությամբ վնասվեց։ Այսօր, անշուշտ, այդ կորուստների համար շատ ենք ցավում։ Մշակութային ժառանգության կորստի մասին է խոսքը որովհետև։ Բայց եկեղեցու վերանորոգումն ու վերաբացումը, այդ ժողովրդի դարձյալ մեկտեղումը մեզ համար շատ ուրախ երևույթ է։ Զգացականորեն շատ արժեքավոր եմ համարում այս ամենը։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կառուցվել է 1376 թվականին Դիարբեքիրի հայաբնակ Ֆաթիհփաշա թաղամասում՝ Սուրում։ Եկեղեցին գործել է մինչև 1915 թվականը. Ցեղասպանության տարիներին Դիարբեքիրի կամ Տիգրանակերտի հայերի ստվար մասը տեղահանվել կամ սպանվել է։
Եկեղեցին, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես գլխավոր գրասենյակ, հետագայում վերածվել է Sümerbank-ի բամբակի պահեստի։ 3000 քմ տարածք ունեցող եկեղեցին 1960 թվականից բացվել էր պաշտամունքի համար։ Սակայն 1980-ականներին տեղաբնակ հայերը տարբեր պատճառներով գաղթել էին երկրի այլ շրջաններ կամ արտերկիր, իսկ եկեղեցին գտնվում էր դատարկ և խարխուլ վիճակում մինչև 2012 թվականի վերաբացումը։
Հեղինակ՝ Վարդուհի Բալյան