Մայիսի 9-ին Դեբեդ գետի վրա ռետինե նավակով նկարահանումներ կատարելիս «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման հեղինակ Արմինե Ճաղարյանն ընկել է գետն ու մահացել։ Դեպքի վայր մեկնած ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները, ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները հաղորդավարուհուն հայտնաբերել են դեպքից մոտ 7 կմ հեռու՝ գետի «Սանահին» կայարանի հատվածից:
Արտակ Պողոսյան (Լոռու մարզային փրկարարական վարչության ավագ հրահանգիչ) - Քանի որ Դեբեդ գետը բավականին վարար է եղել, փկրարարական հատուկ միջոցներով և պարանների օգնությամբ փրկարարների մեծաթիվ ջանքերով դուրս է բերվել գետից։
31-ամյա կնոջը գետից դուրս են բերել անգիտակից վիճակում, շտապօգնության բժիշկներն արձանագրել են Ճաղարյանի մահը:
Հովիկ Ավետիսյան (Ալավերդու ԲԿ փոխտնօրեն) - Փրկարարները փոխանցել են շտապօգնության բրիգադին, երկրորդ բրիգադը, որ ուղարկվել էր, արդեն արձանագրել է կենսաբանական մահ։ Բայց դրանից՝ հետո փորձվել է կատարել վերականդանացման պահանջվող միջոցառումները, կատարվել են ներարկումներ, բայց այդպես էլ, ցավոք սրտի, հնարավոր չի եղել փրկել տուժողի կյանքը։
Դեռ մայիսի 8-ին ռաֆտինգ իրականացնող ընկերությունը հայտարարել էր, որ անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։ Ըստ գրառման` հորդառատ անձրևների պատճառով գետը վարարել է, վտանգավոր ու նույնիսկ անթույլատրելի է վարել սկսնակների համար։ Չնայած հրապարակմանը՝ ինչու է ընկերությունը նկարահանող խմբին թույլատրել նավարկել, և պահպանվե՞լ են, արդյոք, անվտանգության կանոնները՝ պարզել չհաջողվեց:
Ընկերության ներկայացուցիչը սկզբում համաձայնեց զրուցել «Լուրեր»-ի հետ, հետո դադարեց պատասխանել զանգերին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հեղինակ` Սերինե Սերոբյան