Բուսաբանական այգին ճգնաժամի մեջ է՝ մասնագետներն են ահազանգում: Այգին վերածնելու համար կառույցին կից այսուհետև կգործի հասարակական կազմակերպություն: Յուրաքանչյուր ոք կարող է աջակցել այգու զարգացմանը: Հենց այդ բարեփոխումների համար էլ նորաստեղծ ՀԿ-ն մշակել է «Հիրիկ», «Նռնենի» և «Սոսի» փաթեթները:
Նարինե Հայրապետյան (ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող) - Ունենք «Նռնենի» փաթեթը, որն իրենից ներկայացնում է 7500 դրամանոց փաթեթ, և «Սոսի» փաթեթը՝ 15000 դրամանոց, որոնք ամեն մեկն իր մեջ ներառում է այգու որոշակի ծառայություններ, ընդհուպ նաև՝ անվանական ծառ, նույնիսկ անվանական նստարան:
Կազմակերպություններն էլ իրենց միջոցառումներն այգում կազմակերպելով կարող են օգնել այգու զարգացմանը: Բուսաբանական ինստիտուտից վստահեցնում են՝ նորաստեղծ «Բուսաբանական այգու ընկերներ» հասարակական կազմակերպությունը գործելու է թափանցիկ:
Արսեն Գասպարյան (ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար) - Բոլոր անդամները տեղեկատվություն են ստանալու, թե այդ գումարները, որոնք իրենք որպես անդամավճար տրամադրել են, ինչ նպատակով են օգտագործվելու և օգտագործվելու են տարբեր՝ թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ մեծ նախագծերի իրականացման մեջ:
80 հեկտար տարածք ունեցող Բուսաբանական այգին շատ հին է և թարմացման կարիք ունի: Այգու պատասխանատուները բարձրաձայնում են՝ այժմ անվտանգություն, լուսավորություն տարածքում գրեթե չկան, ու որոշ քաղաքացիներ բույսեր են գողանում, մյուսներն էլ տարածքում կրակ վառելով վնասում բուսականությունը: Ֆինանսական աջակցություն ստանալու համար պատրաստվում են դիմել Կառավարությանը:
Արսեն Գասպարյան - Հուսով ենք, որ կստանանք աջակցություն, որովհետև աշխարհի ցանկացած երկրում բուսաբանական այգիներն իրենց 60-70 տոկոս ֆինանսավորումը ստանում են պետությունից և նոր մնացածը՝ իրենց ռեսուրսները, օրինակ՝ տնկարաններ, բայց էդ տնկարանները պետք ա վերանորոգել կամ ջերմոցային տնտեսությունը վերանորոգել:
Որ քաղաքացին բույսերի մասին ամբողջական տեղեկություն ստանա, այգու պատասխանատուները նախատեսում են նաև բուսաբանական արահետ ստեղծել ու ցուցանակները թարմացնել, նաև ենթակառուցվածքները փոխել:
Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակը», որը հիմնվելու է Բուսաբանական այգում, ունենալու է շուրջ 30 հեկտար տարածք, կտնկվի մոտ 14 հազար ծառ:
Նախագծման փուլը կավարտեն մայիսի վերջին ու կանցնեն գործնական փուլ: