Այսօր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն: Նախարարն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանին:
Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են ապրիլ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ-ի գլխավոր քարտուղար Լ.Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Ա.Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ.Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 116 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել ապրիլի 8-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 39 կմ հյուսիս-արևմուտք, 4.2 մագնիտուդով։
Ամռանն ընդառաջ ԱԻ նախարարը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է զվարճանքի կենտրոններում կարուսելների և այլ ատրակցիոնների փորձաքննություն իրականացնելիս առավելագույն զգոնություն ցուցաբերել: Նախարար Արմեն Փամբուխչյանը տվել է մի շարք այլ հանձնարարականներ: