Իտալական Թուրինում այսօր տեղի է ունենալու «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին «Սնափ» երգով ելույթ է ունենալու նաև մեր պատվիրակը՝ Ռոզա Լինը:
Մեր պատվիրկությունը Թուրին է մեկնել ապրիլի վերջին: Հանդիպումներ են ունեցել Իտալիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ոգևորել ու հաջողություն են մաղթել երիտասարդ երգչուհուն: Եվրատեսիլյան բեմում Ռոզան արդեն մի քանի փորձեր է ունեցել, բոլորն էլ՝ տպավորիչ:
Անուշիկ Տեր-Ղուկասյան (Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր) - Փորձերը Թուրինում սպասվածից էլ լավ են ընթանում, և Ռոզան իրեն շատ լավ է դրսևորում. իրականում մենք հանդես ենք գալիս շատ բարդ կիսաեզրափակիչում, բայց ես հուսով եմ, որ մենք այսօր կանցնենք եզրափակիչ, և Ռոզան ևս մեկ հնարավորություն կունենա ելույթ ունենալու այս հրաշալի բեմում:
Ռոզա Լինը փորձերից գոհ է, օգնում է երկրպագուների փոխանցած դրական էներգիան, որը երգչուհին խոստանում է իր հետ բեմ տանել ելույթի ժամանակ:
Ռոզա Լին («Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ) - Փորձերը շատ լավ են ընթանում, ես անհամբեր սպասում եմ իմ ելույթին, վստահ եմ, որ իմ հայրենակիցները իմ կողքին են, ինձ աջակցում են, ես շատ շնորհակալ եմ նրանց:
Ռոզայի երգը բեմադրել են ավստրիացի Մարվին Դիետմանն ու անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն, վստահ են՝ Հանրային հեռուստաընկերության հետ գործակցությունը ևս հիշարժան կլինի:
Դավիթ Ծերունյան («Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար) - Եվրատեսիլյան ելույթից վայրկյաններ առաջ ես հասկանում, որ ամիսներ շարունակ տևած քրտնաջան աշխատանքը ամփոփվում է 3 րոպեում: Հանրային հեռուստաընկերությունը, մեր պատվիրակությունը, մեր ամբողջ թիմն արել է ամեն բան, որպեսզի այս 3 րոպեները տպավորիչ լինեն, իսկ մնացածն արդեն պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի գործն է:
Ռոզայի օգտին կարող են քվեարկել միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրներից և եվրատեսիլյան մեծ հնգյակից՝ Իտալիան ու Ֆրանսիան։ Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սակայն հնարավոր է Սփյուռքից՝ հետևելով բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ տրվող ցուցումներին։
Հյուրընկալ RAI հեռուստաընկերությունը Թուրին հրավիրել է նաև «Մանկական Եվրատեսիլի-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային. առաջին կիսաեզրափակչի օրը անդրադարձ է լինելու նրան և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաք:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կմեկնարկի ժ. 23.00-ին, Առաջին ալիքով: Ռոզա Լինը ելույթ կունենա 17-րդը: