Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել են Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:
Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: