Հուլիսին կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները կքննարկեն անվտանգության ամրապնդման միջոցները՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադրության ազդեցությունը եվրատլանտյան տարածքի անվտանգության և պաշտպանության քաղաքականության վրա, ինչպես նաև ՆԱՏՕ-ում անհրաժեշտ ռազմական փոփոխությունները պետք է քննարկվեն «դաշինքի ներսում»:
«Մենք համակարծիք ենք, որ պետք է ամբողջ ուժերով աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ զենքի մատակարարումներով։ Պատժամիջոցների հարցում ևս մենք պատրաստ ենք նոր միջոցներ ձեռնարկելու: Մենք պետք է հնարավորինս շուտ անկախանանք ռուսական էներգակիրների մատակարարումներից»,- հավելել է կանցլերը:
Անդրադառնալով Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարին՝ Շոլցը հայտարարել է, որ այդ երկիրը եվրոպական «ընտանիքի» մաս է կազմում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ բոլոր պետությունների համար գործում են ԵՄ-ին անդամակցելու նույն պայմանները: