ԱՄՆ
«ՔՐԻՍՏԻՆ» ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՈՒՄ 20-30 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱԴԱՄԱՆԴ
«Քրիստի» աճուրդի տունը մայիսի 11-ին աճուրդի կհանի 228.31 կարատանոց տանձաձև ադամանդ, որը հայտնի է The Rock'` «Ժայռը» անվամբ:
Ռահուլ Կադակիա («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Ադամանդը գնահատված է 20-30 միլիոն դոլար, սակայն մենք հուսով ենք, որ հնարավորինս թանկ կվաճառվի: Ես արդեն 25 տարի է՝ այստեղ եմ աշխատում, իսկ «Քրիստին» այստեղ գործում է 256 տարի: Այդ ամբողջ ընթացքում երբևէ այս տեսքով այսքան մեծ ադամանդ աճուրդի չի հանվել:
Թանկարժեք սպիտակ քարն արդյունահանվել և հղկվել է Հարավային Աֆրիկայում ավելի քան երկու տասնամյակ առաջ:
Մայիսի 11-ին աճուրդի կհանվի նաև 205.7 կարատանոց դեղին ադամանդ, որը հայտնի է The Red Cross Diamond` «Կարմիր խաչի ադամանդ» անվամբ: Նախնական գինը 7-10 միլիոն դոլար է:
ԻՏԱԼԻԱ
ԼՈՒՅՍԻ ՓԱՌԱՏՈՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԲՐԵՍԱՆՈՆԵ ՔԱՂԱՔՈՒՄ
Իտալական Ալպերում` Բրեսանոնե քաղաքում, անցկացվել է Լույսի փառատոնը: Այս տարվա թեման ջուրն է: Կարելի է հանդիպել այդ թեմայով 29 լուսային ինստալացիայի:
Արդեն չորրորդ տարին է՝ ինչ անցկացվում է այս միջոցառումը, այս անգամ «Ջուրը կյանք է. լույսը`արվեստ» խորագրով: Իսկ արվեստի տարբեր գործերը միացվել են 3.2 կմ երկարությամբ կապույտ գծով՝ ասես ստեղծելով արվեստի արահետ հին քաղաքում:
Փառատոնի տնօրեն Վերներ Զանոտիի խոսքով՝ ջուրը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար, որտեղ կան Էյզակ և Ռիենց գետերը և խմելու ջրի մի քանի շատրվաններ, որոնց ջուրը գալիս է մոտակա լեռներից:
Աշխատանքներից մեկը Ռեֆիկ Անադոլի «Բոսֆոր» կոչվող քանդակն է: Մեկ այլ գործ էլ կոչվում է Global Warning՝ «Գլոբալ նախազգուշացում», հեղինակը Ստեֆանո Կագոլն է: Անվանումը զուգորդվում է Global Warming-ի, այսինքն` գլոբալ տաքացման հետ: Հեղինակի խոսքով՝ այն պատկերում է այն ժամանակը, որում ապրում ենք:
Ստեֆանո Կագոլ (արվեստագետ) - Այստեղ խոսքը ոչ միայն սառցադաշտեր կորցնելու, այլև մեր մոլորակին սպառնացող վտանգի վերաբերյալ նախազգուշացնելու մասին է: Նկատի ունեմ համավարակը, պատերազմը և այլն:
Մայիսի 16-ը նշվում է որպես ՄԱԿ-ի Լույսի միջազգային օր: Այդ օրը փառատոնի թեման կփոխվի և կդառնա լույսը ու կտևի մինչև մայիսի 22-ը:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ՇԱՌԼՈՏԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 7-ԱՄՅԱԿԸ
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտը՝ Քեմբրիջի դքսի և դքսուհու դուստրը, մայիսի 2-ին դարձել է յոթ տարեկան:
Նա ծնվել է 2015 թվականին Սուրբ Մարիա հիվանդանոցում: Երեխայի ծնվելուց ժամեր անց արքայազն Ուիլյամն ու կինը` Քեյթը, հիվանդանոցի մոտ հավաքված, ավետիսին անհամբեր սպասող մարդկանց ցույց են տվել փոքրիկին:
Արքայադստեր լրիվ անունը Շառլոտ Եղիսաբեթ Դիանա է` ի պատիվ Ուիլյամի հանգուցյալ մոր` Լեդի Դիանայի և Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհու` Շառլոտի մեծ տատիկ Եղիսաբեթ 2-րդի:
Շառլոտը մկրտվել է 2015 թվականի հուլիսի 5-ին Սանդրինգհեմի կալվածքում գտնվող փոքրիկ մատուռում: Արքայադուստրը մկրտության ժամանակ եղել է ավագ եղբոր՝ արքայազն Ջորջի հագուստով։
Դուքսն ու դքսուհին շատ խնամքով են պահպանում իրենց երիտասարդ ընտանիքի անձնական կյանքի գաղտնիությունը, սակայն երբեմն հրապարակում են իրենց երեխաների լուսանկարները՝ հասարակության մեծ հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակով:
Շառլոտը Եղիսաբեթ թագուհու ծոռնուհին է և գահի հերթում չորրորդը՝ իրենից առաջ թողնելով իր պապին՝ արքայազն Չարլզին, հորը` Ուիլյամին և ավագ եղբորը՝ Ջորջին:
ԱՄՆ
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ «ՄԵԹ ԳԱԼԱ»-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ ԶԳԵՍՏՈՎ
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառումը: Իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է այն նույն հագուստով, որը Մերիլին Մոնրոն վեց տասնամյակ առաջ կրել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձին, որի ընթացքում կատարել է «Բարի տարեդարձ, պարոն նախագահ» երգը:
Քարդաշյանը նույնիսկ մազերի գույնն է նմանեցրել Մոնրոյի վարսերի գույնին՝ իհարկե, անփոփոխ թողնելով սանրվածքը: Կարմիր ուղեգորգի վրա նրան ուղեկցել է իր նոր ընկերը` կատակերգու Փիթ Դևիդսոնը:
Քիմը պատմել է, որ երեք շաբաթվա ընթացքում ստիպված է եղել ավելի քան 7 կգ նիհարել, որպեսզի կարողանա կրել այն զգեստը, որը Մերիլին Մոնրոն հագել է 1962 թվականին:
Անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով ավանդական՝ մայիս ամսից Met Gala-ն տեղափոխվել էր սեպտեմբեր, իսկ այս տարի ժամանակին է անցկացվել: Այս միջոցառման ժամանակ հայտնի դեմքերը սովորաբար առանձնանում են՝ ներկայանալով արտասովոր հանդերձանքով:
Met Gala-ն մի միջոցառում է, որի ընթացքում գումար է հանգանակվում Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի համար: Այն համարվում է «Արևելյան ափի Օսկար»: Այս տարվա գլխավոր հյուրերին ասվել է, որ հագնվեն, այսպես ասած, «Ոսկեզօծ գլամուր» ոճով:
Սովորաբար Met Gala-ն նշանավորում է թանգարանի Կոստյումների ինստիտուտում անցկացվող ամենամյա նորաձևության ցուցադրության բացումը: Այս տարվա «Ամերիկայում. նորաձևության ծաղկաքաղ» խորագիրը կրող ցուցադրությունը բաղկացած է երկու մասից, առանցքայինն ամերիկյան զգեստների պատմությունն է:
ԱՐԳԵՆՏԻՆԱ
ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԾ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՄԻԼԱՆԵԶԱՆ
Բուենոս Այրեսի Լուջան արվարձանում արգենտինացիները պատրաստել են մի հսկա կերակուր, որն իրենց հավաստմամբ, աշխարհի ամենամեծ միլանեզան է:
Հացով ու տավարի սթեյքով պատրաստված այս կերակուրը շատ սիրված է Արգենտինայում և հիմնված է իտալական միլանեզի վրա, որը հորթի մսով կոտլետներից են պատրաստում: Օգտագործում են նաև լոլիկի սոուս և հալած պանիր:
Քրիստիան Իբառլուչիա (La Milanesa Record նախագծի ղեկավար) - Մենք պատրաստել ենք աշխարհի ամենամեծ նեապոլիտանական միլանեզան։ Այժմ մեզ տրված հավաստագրում ասվում է, որ միլանեզան կշռում է 926 կգ, 4 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ, 3 սմ հաստությամբ: Իսկ դա նշանակում է, որ այն աշխարհի ամենամեծ միլանեզան է:
Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը, սակայն, դեռևս չի գրանցել այս ռեկորդը: Բայց արգենտինացիները լիահույս են, որ այդ օրը շատ մոտ է:
ԿԱՏԱՐ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Կատարի մայրաքաղաք Դոհայում նշում են Կուրբան Բայրամի կամ Զոհաբերության փառատոնը, որը տևում է երեք օր: Տոնի շրջանակում անցկացվում են ընտանեկան մի շարք միջոցառումներ, կենդանի երաժշտություն է հնչում, շքերթներ են անցկացնում, հրավառություն է լինում:
Անցած երկու տարվա ընթացքում փառատոնը մեծ շուքով չի նշվել, քանի որ կորոնավիրուսի պատճառով Կատարը հիմնականում փակ էր: Իսկ այժմ, հիվանդության նոր դեպքերի նվազմանը զուգահեռ, Արաբական թերակղզում ապրիլից սահմանափակումները մեղմացվել են:
Սկզբում մարդիկ մտավախություն են ունեցել, որ կորոնավիրուսն այս տարի կարող էր խանգարել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի Կատար 2022-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, այդպես չի լինի, ֆուտբոլային տոնը նույնպես հավուր պատշաճի կանցկացվի:
Կատարը Մերձավոր Արևելքում և մահմեդական աշխարհում առաջին պետությունն է, որը կհյուրընկալի աշխարհի գավաթի խաղերը:
Կատարը, որը մոտավորապես Ճամայկայի տարածքի չափ մակերես ունեցող պետություն է, առաջինն է նաև փոքր չափսեր ունենալով հանդերձ՝ մեծ իրադարձություն անցկացնելու առումով: Այդ երկրում միակ խոշոր քաղաքը Դոհան է, որտեղ 32 երկրից ժամանած երկրպագուները ութ մարզադաշտում կարող են դիտել աշխարհի գավաթի խաղերը:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴԻ ՈՍԿԵԶՕԾ ԿԱՌՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԼԱՏԻՆԵ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ
Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհուն պատկանող ոսկեզօծ կառքն արդեն պատրաստ է միապետուհու պլատինե հոբելյանի՝ հունիսի 5-ին կայանալիք միջոցառմանը:
Կառքը պատրաստել են 1762 թվականին: 260-ամյա կառքը վերջին անգամ Լոնդոնի փողոցներում հայտնվել է 2002 թվականին՝ թագուհու գահակալման 50-ամյակի տոնակատարությունների ժամանակ:
7 մ երկարությամբ և 4 տ կշռող կառքը կքաշեն ութ ձիերը: Այն կհայտնվի հոբելյանական քառօրյա տոնակատարության զորահանդեսի եզրափակիչ արարողությանը: Կանցնի այն նույն ճանապարհով, ինչ 1953 թվականի հունիսի 2-ին Եղիսաբեթ 2-րդն անցել է իր թագադրման օրը:
Միայն 2018 թվականին է թագուհին խոսել այդ օրվա ճանապարհորդության մասին՝ այն անվանելով «սարսափելի», քանի որ ոսկեզօծ կառքն «այնքան էլ հարմարավետ չէր»:
ՓՂՈՍԿՐԻ ԱՓ
ՓՂՈՍԿՐԻ ԱՓՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՊՈՊՈ ԿԱՌՆԱՎԱԼԸ
Ռիոյի կառնավալներից ոգեշնչված Փղոսկրի Ափում անցկացվել է Պոպո կառնավալը: Մարդիկ հավաքվում են, թմբուկ զարկում ու եզան փողեր փչում, հարյուրավոր տեղացիներ էլ սպասում են թագավորի ժամանելուն: Միապետը ներկայացել է շքերթին ոսկե թագով ու երկար, նախշազարդ պատմուճանով:
Պոպո կառնավալը մշակութային փառատոն է, որն անցկացվում է ամեն տարի և, կազմակերպիչների խոսքով, երկու շաբաթվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն այցելու է ունենում:
Միջոցառումն արդեն այցելուների է գրավում Եվրոպայից և ԱՄՆ-ից, ու տեղացիները լիահույս են, որ օտարերկրացիների հետաքրքրությունն իրենց կառնավալի նկատմամբ կարող է ավելի մեծանալ:
Ջոզեֆ Յաո Ամբո (կառնավալի կազմակերպիչ) - Մեր երազանքն է, որ մի օր մեր երեխաները և թոռները կարողանան այս միջոցառումը վերածել Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի:
Փղոսկրի Ափի բնակիչներն Արևմտյան Աֆրիկայի բազմաթիվ էթնիկ խմբերից են, որոնցից մի քանիսը դեռևս ունեն թագավորներ ու թագուհիներ:
«Պոպո» բնիկների լեզվով նշանակում է «դիմակ»: Կառնավալի շրջանակում անցկացվում են նաև ֆուտբոլային խաղեր ու գեղեցկության մրցույթներ, նաև թատերական ներկայացումներ: Կառնավալը եզրափակվում է տոնական մեծ շքերթով: