«Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված այսուհետև կբուժվի անվճար: Մոտ 10 տարի առաջ քրեակատարողական հիմնարկներում իրականացված անանուն հետազոտության արդյունքների համաձայն՝ հետազոտվածների մոտ 30%-ը տառապում էր «Հեպատիտ C» վիրուսով: Այս հարցը մտահոգիչ էր հատկապես այն տեսանկյունից, որ վարակը դասվում է արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների շարքին, ինչի տարածումը հատկապես սրվում է փակ հաստատություններում, ինչպիսիք են բանտերը:
Միշա Խուդավերդյան (ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ) - Կար մեծ խնդիր, «Հեպատիտ C»-ով վարակված՝ ազատությունից զրկվածները մինչ այս բուժում ստացել են միայն իրենց միջոցների հաշվին, ինչը բավական թանկարժեք է, իսկ ազատությունից զրկված անձինք, գտնվելով մեկուսացման պայմաններում, հիմնականում զրկված են աշխատելու և վարձատրություն ստանալու հնարավորությունից:
Հարցը Արդարադատության և Առողջապահության նախարարությունների օրակարգում էր դեռևս 2019-ին: Հենց այդ ժամանակ ծրագիրը մեկնարկեց, սակայն աշխատանքները կասեցվեցին COVID-19 ի պատճառով, իսկ համապատասխան հիվանդանոցները վերապրոֆիլավորվեցին, չնայած որ իրականացված թեստավորման արդյունքները շարունակում էին մնալ մտահոգիչ: Միայն 2019-ի տվյալով քրեակատարողական հիմնարկներում առկա էր «Հեպատիտ C» վիրուսի ախտորոշում ունեցող 300 անձ:
Միշա Խուդավերդյան - Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում Կառավարության որդեգրած քաղաքականությունը, այն է՝ բանտային առողջապահության ոլորտը մոտեցնել հանրայինին, քանի որ հանրայինում բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում:
ՔԿՀ-ներում «Հեպատիտ C» ախտորոշմամբ անձանց հետազոտման և բուժման ծրագիրը մեկնարկել է ապրիլի սկզբին: Նախնական ախտորոշմամբ՝ ազատազրկված անձանց թիվը 313 է: Մոտ 7 տասնյակին տրամադրվել են բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները: 20-ի բուժումն արդեն իսկ սկսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: «Վիրուսային հեպատիտ C» ախտորոշվածներին սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: