Ռուսական ռուբլին` ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, վերջին օրերին դանդաղ քայլերով արժևորվում է: Հիմա որոշ բանկերում կամ փոխանակման կետերում հնարավոր է 1 ռուբլու դիմաց անգամ 6.5 դրամ ստանալ: Մինչդեռ մարտի սկզբից սկսած ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ռուբլին կտրուկ արժեզրկվել էր՝ ընդհուպ հասնելով 3 դրամի:
Ռուսաստանի կենտրոնական բանկն ու կառավարությունը կոշտ քայլեր ձեռնարկեցին՝ ազգային արժույթի կայունությունը ապահովելու համար:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Քանի որ ռուսական ռուբլու փոխարժեքը հիմնված է նաև հումքի վրա՝ Ռուսաստանից արտահանվող նավթի, գազի և մետաղական հանքանյութերի վրա, ապա էդ առումով պետք է նշեմ, որ բավական բարձր գներ են արձանագրվել համաշխարհային շուկայում, և դա, բնականաբար, նպաստել է ռուսական ռուբլու ամրապնդմանը:
Ռուբլու արժևորման մյուս պատճառներից է էներգակիրների և այլ ապրանքների առևտուրը ռուբլով կատարելու հանգամանքը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո հարյուրավոր միջազգային ընկերություններ լքեցին ռուսական շուկան: Դաշնությունում մի իրավիճակ ստեղծվեց, երբ դոլարի առաջարկն ավելի մեծ էր, քան պահանջարկը:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Այս պայմաններում դոլար պետք է գնեն հիմնականում խոշոր ընկերությունները, քաղաքացիների պահանջարկը 6 տոկոս է կազմել Ռուսաստանի ֆինանսական շուկայում, հիմնականում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների կողմից են առաջարկ ներկայացվել, իսկ հիմա, քանի որ բազմաթիվ բանկեր արդեն սանկցիայի տակ են ընկել, հիմնականում ստիպված են լինում իրենց դոլարային ակտիվները փոխարինել ռուբլով ակտիվների, և սա ևս նպաստել է ռուբլու գերարժևորմանը:
Եթե արտասահմանյան ընկերությունները շարունակեն դուրս գալ ռուսական շուկայից, աշխարհի հետ առևտրային հարաբերությունները պահպանեն այսօրվա տեմպը, ապա երկարաժամկետ կտրվածքով ռուբլին իր արժեքը չի կարողանա պահպանել՝ կարծում է Սոս Խաչիկյանը: Նրա համոզմամբ՝ ներկայիս արժևորումը Ռուսաստանի գլխավոր դրամատան որդեգրած քաղաքականության արդյունք է, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչև 20 տոկոս, հետո աստիճանաբար նվազեցվեց՝ 17, հիմա արդեն 14 տոկոս:
Սոս Խաչիկյան - Սա ուղղակի կարճ ժամանակահատվածում բավականին կտրուկ քայլերի արդյունք էր, որի ազդեցությունը մենք տեսնում ենք:
Ռուբլին Հայաստանում մեծ տարածում ունեցող արժույթ է, ռուբլու մեծ քանակը ձևավորվում է տրանսֆերտներից և ԵԱՏՄ շուկայում առևտրից: Եվ քանի որ հիմա ԵԱՏՄ-ում առևտուրը մեծ մասամբ ռուբլով է իրականացվում, ու մեր երկրի առևտրում դոլարի պահանջարկը կնվազի, սա կնպաստի նաև դրամի արժևորմանը՝ պնդում է Կարեն Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Այս միտումները ևս ազդելու են փոխարժեքների՝ թեկուզ որոշ ժամանակ այս միջակայքում մնալու վրա:
Եվ որքան էլ ռուսական արժույթը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, տնտեսագետները հորդորում են գայթակղությանը չտրվել և մեծ քանակով ռուբլի չկուտակել: Արժույթը կարող է որոշ ժամանակ դեռ տատանվել այսօրվա մակարդակում, բայց թե ինչ կլինի հետո՝ տնտեսագետները դժվարանում են կանխատեսել. այս հարցում մեծ դեր ունի նաև ռազմաքաղաքական իրավիճակը: