Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,
Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը:
Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ:
Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի:
Քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի:
Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու»: