ՀԱՂԹԱՆԱԿԻ 77-ԱՄՅԱԿԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսը։
Երթին մասնակցել է 11 000 զինծառայող, ներգրավվել 131 միավոր ռազմական տեխնիկա։ Շքերթը պետք է ավարտվեր 77 ինքնաթիռների ու ուղղաթիռների թռիչքով, սակայն միջոցառման օդային մասը չեղարկվել է եղանակային պայմանների պատճառով։
Զորահանդեսին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղերձով դիմել ժողովրդին։ Նա անդարադարձել է նաև Ուկրաինայում հատուկ գործողությանը։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին։ Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագիր կնքել։ Արևմուտքը չցանկացավ մեզ լսել։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային։ Դա հարկադրված և միակ ճիշտ որոշումն էր։
ՆԱՏՕ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է Կիևին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը և հորդորել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները։
«Այսօր՝ մայիսի 9-ին, ևս մեկ անգամ կոչ եմ անում դուրս բերել զորքերը Ուկրաինայից և խաղաղ բանակցություններ սկսել»,- նշել է Ենս Ստոլտենբերգը:
Նա նաև հերքել է պաշտոնական Մոսկվայի մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ն ագրեսիվ պահվածք է ցուցաբերում։
Ենս Ստոլտենբերգ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) - ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է. ներկայիս ճգնաժամը ցույց է տալիս, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համար կենսական կարևորություն է միավորվել ՆԱՏՕ-ի ներքո՝ պաշտպանելու ժողովրդավարության արժեքները։
ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ՝ ՀՈՒՆԻՍԻՆ
Չգիտենք՝ երբ Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ, հայտնել է Գերմանիայի արտգործնախարարը։
«Կիևը եվրոպական տան մի մասն է։ Սակայն չգիտենք՝ երբ և ինչպես կլուծվի անդամակցության հարցը, քանի որ Ուկրաինայում այժմ սարսափելի պատերազմ է։ Մենք չպետք է դատարկ խոստումներ տանք»,- հայտնել է Աննալենա Բերբոկը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռավար հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ պաշտոնական Կիևն արդեն լրացրել է նաևԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարցաշարի երկրորդ մասը: Լայենն իր հերթին նշել է, որ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցողվ որոշումը կկայացվի հունիսին:
ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ՄԱՅԻՍԻՆ
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության որոշումը երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին կկայացվի մայիսի 15-ին, հաստատել է կուսակցության քարտուղար Թոբիաս Բաուդինը, հավելել՝ այլևս սպասել հնարավոր չէ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ կուսակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին որոշում կկայացնի մայիսի 24-ին։
Մայիսի 14-ին ՆԱՏՕ-ին անդամակցության մասով որոշման մասին, նախնական տվյալով, պետք է հայտարարի Ֆինլանդիան։ Թոբիաս Բաուդինը համոզված է՝ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է միասնական լինեն իրենք որոշումներում, քանի որ երկրները սերտորեն գործակցում են ռազմական և արտաքին քաղաքական ոլորտներում։
ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ
Վաշինգտոնը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին․ դրանք տարածվում են ռուսական «Առաջին Ալիք», «Ռոսիա-1» և «НТВ» հեռուստաալիքների, 2600 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ռուսական խոշոր բանկերի ղեկավար անձնակազմերի վրա։ Արգելվում է ատոմային արդյունաբերության ոլորտի ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Ամերիկյան ընկերություններին չի թույլատրվում նաև խորհրդատվական, գովազդային և հաշվապահական ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, անդրադառնալով հակառուսական պատժամիջոցներին, նշել է, որ 2014 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ ավելի քան 10 հազար պատժամիջոց է սահմանվել, որից 7 հազարից ավելին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո: Այդ ամենը, նրա խոսքով, Ռուսաստանի համար ևս մեկ պատճառ է ավելի ուժեղ դառնալու համար:
ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐԱՆՈՒՄ Է
Սիրիայի նախագահը այցելել է Իրան, Թեհրանում հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Քննարկվել են երկկողմ գործակցության և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Սիրիայի նախագահը կարևորել է Իրանի հետ երկխոսության կարևորությունը, մանավորապես, ԱՄՆ-ից եկող սպառնալիքներին հակահարված տալու հարցում։
Իրանի նախագահն, իր հերթին, հաստատել է՝ Թեհրանը պատրաստ է ընդլայնելու հարաբերությունները Սիրիայի հետ, հատկապես տնտեսության և առևտրի ոլորտում։
«Թեհրանը կօգնի Սիրիայի ժողովրդին՝ հաղթահարելու հետպատերազմյան շրջանի դժվարությունները․ սիրիացիների տառապանքը ցավ է պատճառում իրանցիներին»,- ընդգծել է Ռաիսին։
Սա Ասադի առաջին աշխատանքային այցն է Իրան 2019 թվականից ի վեր և երկրորդը՝ սիրիական հակամարտության սկսվելուց հետո։