Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձում ասված է․
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
Մեր հայրերի ու պապերի և բոլոր նրանց անմահ սխրանքը, ովքեր հերոսաբար ուս ուսի կռվել են մարտի դաշտում և անձնուրաց աշխատել թիկունքում, հավերժ կմնա մեր սրտերում։
Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Այս նշանակալից օրը թույլ տվեք մաղթել Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»:
Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին: