Երբ սկսվեց հայրենական մեծ պատերազմը, Պետրոս Պետրոսյանը դեռ նոր 10-րդ դասարանն էր ավարտում: Ապրում էր Լենինականում: Ընկերների հետ որոշեց կամավոր գրվել ու մեկնել առաջնագիծ: Ընկերներին տարան, Պետրոսյանին մերժեցին, բայց երբ դեկտեմբերին լրացավ 18 տարին, նա կրկին հայտնվեց զինվորական կոմիսարիատում ու հարցրեց՝ ինձ հիշո՞ւմ եք:
Պետրոս Պետրոսյան (Հայրենական մեծ պատերազմի վետերան) - «Հիշում եմ, տղա ջան, հիշում եմ», ու ասաց՝ ուղարկեք Թբիլիսյան հրետանային դպրոց:
Թբիլիսյան հրետանային դպրոցում շուրջ 6-7 ամիս սովորելուց հետո ապագա հետախույզը մեկնեց առաջնագիծ: Մարտական մկրտությունը նա ստացավ Մոսկվայի պաշտպանության ժամանակ, մասնակցեց Կուրսկի ծանր մարտերին: Իսկապես, ամեն ինչ ահավոր էր,- ասում է Պետրոսյանը: Այսօրվա պես հիշում է իր առաջին մարտը: Դասակի հրամանատար էր, գիտեր, թե հրամանատարը պետք է կանգնած հրաման տա:
Պետրոս Պետրոսյան - «Երկու ա՜րկ, զրահահատերը տանկերի՜ն, կրա՜կ»: Գետնին պառկած մարտկոցի հրամանատարը բղավեց ինձ վրա. «Տղա՛, այդ ի՞նչ ես անում, պառկի՛ր հենց հիմա»: Կամանդիրը ասաց՝ լավ է՝ շուտ պառկեցիր, մի քանի րոպեում կվերացնեն, դու հիանալի թիրախ ես»:
3-4 ամիս դաժան մարտեր էին ընթանում: Հարյուրավոր զրահամեքենաներ մղվում էին պայքարի՝ փորձելով որքան հնարավոր է շուտ մոտենալ Մոսկվային: Բայց խորհրդային բանակն արեց ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի թշնամուն թույլ չտա մայրաքաղաքին մոտենալ՝ պատմում է Պետրոսյանը ու հիշում՝ այդ օրերին վիրավորվեց, մեկուկես ամիս թիկունքում բուժվելուց հետո նորից մեկնեց ճակատ: Այս անգամ Ուկրաինական երրորդ բանակի շարքում։ Հետագայում Պետրոսյանը մարտերի է մասնակցում Մոլդովայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում ու հասնում մինչև Բեռլին:
Պետրոս Պետրոսյան - Մինչև Բեռլին հասնելս ես պայքարեցի և 45-ին հայրենիքը հաղթական էկավ: Ես չէի լսել, ու հանկարծ տղաները ասացին՝ լետենենանտ, մենք հաղթել ենք: Ուրախացել էին, լաց էինք լինում: Ես արդեն էդ ժամանակ պատին կավիճով գրեցի՝ Գյումրեցի Պետրոսը էկավ ու հաղթեց:
Հայրենիք վերադառանալուն պես ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ. ուզում էր դիվանագետ դառնալ։ Սովորելու տարիներին հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ աշխատելու։
Պետրոս Պետրոսյան - Ասացի՝ մի պայմանով կգամ, որ ամեն օր մինչև ժամը 1-ը պետք է լինեմ համալսարանում։ Համաձայնեցին, և այդպես 58 տարի ծառայել եմ ԱԱԾ-ում, իսկ լգոտներով՝ 108 տարի:
Պետրոսյանին անվանում էին «Չորս մայրցամաքների հետախույզ»։ Ասում է՝ ինձ պետք չէ հարցնել, թե որ երկրներում եմ եղել, ավելի լավ է ասեմ, թե որ երկրներում չեմ եղել։
Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար հետախույզ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալել Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում` դիվանագիտական տարբեր աստիճաններով:
Պետրոսյանը արժանացել է 40-ից ավելի մեդալների և շքանշանների։