Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին:
Հոգևորականները, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, աղոթք են բարձրացել առ Աստված նրանց հոգիների հանգստության համար: