Այսօր լրացավ Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 77-րդ տարեդարձը։
Ավանդույթի համաձայն՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա միջոցառումների շարքը Տավուշի մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով․ մարզի ղեկավարությունը, մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, մարզային կառույցների ղեկավարներ, աշխատանքի ու պատերազմի վետերաններ, զինվորականներ, բազմաթիվ իջևանցիներ Սահմանադրության հրապարակից հանդիսավոր երթով շարժվեցին դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված իջևանցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հուշարձանին։
Այնուհետև երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի ազատության իրենց կյանքը զոհաբերած խիզախ հայորդիների հիշատակը: