Թեև Հայրենական մեծ պատերազմում Հայաստանը ռազմական գործողությունների թատերաբեմ չդարձավ, սակայն հայ ժողովուրդն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել թե՛ անմիջական ռազմական գործողություններում, թե՛ թիկունքային ապահովման աշխատանքներում։ Ընդհանուր առմամբ՝ Երկրորդ աշխարհամարտին մասնակից դարձավ 600 000 հայ ինչպես Խորհրդային Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից: Ցավոք, քիչ չէին նաև կորուստները․ ամեն երկրորդը չվերադարձավ ռազմաճակատից։
Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանությանը կից ռազմական կցորդը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «հաղթանակի թանգարանի» անմար կրակի մոտ: Այնուհետև շրջեցին թանգարանի թեմատիկ սրահներով:
Ալեքսանդր Շկոլնիկ («Հաղթանակի թանգարանի» տնօրեն) - Հայ ժողովուրդը իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայրենական պատերազմում մեր ընդհանուր մեծ հաղթանակի մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի տապալման մեջ հայ ժողովրդի ունեցած մեծ ավանդի մասին մեր թանգարանում շատ փաստեր և տեղեկություններ կան: Ունենք մարշալ Բաղրամյանի գեղեցիկ դիմանկարը, որը հպարտորեն ներկայացնում ենք մեր բոլոր այցելուներին ու պատմում բոլոր հայ զորահրամանատարների և հերոս զինվորների ավանդի մասին:
Հայրենականին մասնակցեց հայկական ազգային 6 դիվիզիա, որոնցից հինգը ձևավորվել էին պատերազմի սկսվելուց անմիջապես հետո: Պատերազմի ընթացքում իրենց դրսևորած հերոսության և քաջության համար հայ զինվորականներն արժանացել են նաև ամենատարբեր պատիվների․ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 106 հայորդի, 80 հազարը պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: Նշանակալի դերակատարում ու ավանդ ունեցած Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը, Սերգեյ Ագանովը հետագայում արժանացան մարշալի, իսկ Հովհաննես Իսակովը՝ ծովակալի կոչման։
Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հայ ժողովրդի ներդրումը հաղթանակում այնքան մեծ է եղել, որ նկատվում է նաև այստեղ: Պատերազմող պետության երեք զորատեսակից երկուսի՝ նավատորմի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբները ղեկավարել են հայ մարշալներ:
Դեսպանի խոսքով՝ ներկայումս էլ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա բոլոր ոլորտներում՝ ռազմաքաղաքականից մինչև տնտեսական ու մշակութային:
Վաղարշակ Հարությունյան - Այսօր մենք ունենք միավորված զորախումբ, որն ամբողջովին ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Այդ գործընթացն այժմ նույնպես շարունակվում է, ամրապնդում ենք մեր ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները, ինչը կապահովի մեր անվտանգությունը տարածաշրջանում:
Թանգարան այցի ավարտին դեսպանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ զետեղեց «Հիշողության և վշտի սրահի կենտրոնում տեղադրված «վիշտ» քանդակի մոտ, որը մարմնավորում է պատերազմի տարիներին զոհված բոլոր մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Հաղթանակի թանգարանը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազին և Ռուսաստանի գլխավոր ռազմապատմական թանգարանն է։ Գիտահետազոտական և մշակութային-լուսավորչական այս միավորումը պատմության կեղծման փորձերին հակազդելու առաջատար ինստիտուտներից մեկն է, ինչպես նաև նոր սերունդների հայրենասիրական դաստիարակության կենտրոնը։