Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
«Մայիսի 9-ը բոլորիս համար հիշարժան և սիրելի տոն է եղել։ Այդ օրը մեծարվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի փառապանծ վետերանները, հինավուրց հայկական Շուշին ազատագրած ազատամարտիկները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողները․․․
Այդ օրը համաժողովրդական ուրախությամբ տոնվել է որպես մեր նվաճումները խորհրդանշող հանգրվան։
2020 թվականի պատերազմն ու իր աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը՝ պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։
Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով։
Համոզված եմ, որ ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին»,- նշված է ուղերձում։