Տոնական միջոցառումները Ստեփանակերտում սկսվել են հարգանքի տուրքով: Հուշահամալիրում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին:
Հուշահամալիրն արցախցիները նաև եղբայրական գերեզմանոց են անվանում՝ այստեղ հանգչում են ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներ: Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանի գնահատմամբ՝ 2020-ի պատերազմի հետևանքները չեն խամրեցնում Մայիսի 9-ի խորհուրդը:
Արամ Հարությունյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Իհարկե, մենք այսօր չենք կարողանում նույն ուրախությամբ և խինդով նշել Մայիսի 9-ը, բայց կարծում եմ՝ ժամանակավոր անհաջողություններն ամեն դեպքում չպիտի մեզ տոնի խորհրդից զրկեն, և մենք իրավունք չունենք մոռանալ 1945 թվականի հաղթանակը, որը գուցե հիմք է հանդիսացել ապագայում մեր հաղթանակների:
Այդ հաղթանակների գլուխգործոցը «Հարսանիք լեռներում» ռազմագործությունն էր՝ Շուշիի ազատագրումը, որով Արցախի ինքնապաշտպանական ուժերը վաստակել են բանակ կոչվելու պատիվը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասում է՝ ամեն ինչ կորսված չէ:
Սամվել Բաբայան (Արցախի ՊԲ նախկին հրամանատար) - Առաջին հերթին մենք պետք է համախմբված լինենք, երկրորդը՝ կարողանանք ճիշտ վերլուծել մեր ապագան՝ հասկանալու համար՝ ինչ ենք անելու, դեպի ուր ենք գնում: Ես վստահ եմ, որ կարողանալու ենք մեր խնդիրները լուծել, ուղղակի պետք է մի քիչ ավելի համախմբվածություն լինի մեր հասարակության մեջ:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Արցախի բնակչության մեկ երրորդը: 86-ամյա Վազգեն Ալավերդյանն այդ պատերազմում կորցրել է հորը: Եկել է խոնարհվելու և վերաարժևորելու հաղթանակները՝ դրանք ժամկետ չեն ճանաչում:
Վազգեն Ալավերդյան (Ստեփանակերտի բնակիչ) - Թող չհուսահատվի մեր ժողովուրդը, որպեսզի միանան և միասնական կերպով պայքարեն ու հասնեն իրենց նպատակներին: Այսինքն՝ մեր այս փոքրիկ Արցախը՝ որպես չճանաչված պետություն, ճանաչվի աշխարհի կողմից:
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում Արցախի թեմի առաջնորդը հոգեհանգստյան կարգ է մատուցել Արցախի ազատության համար մղված պատերազմում զոհվածների հիշատակին: Ժամը 11-ին Արցախում հայտարարվել է լռության րոպե, որից հետո Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական խաչով հավատացյալները խաչերթով շարժվել են դեպի հուշահամալիր: