2020-ի պատերազմի հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունն է: Պաշտոնավարման 2 ամսում Քրիստիննե Գրիգորյանը հումանիտար չլուծված խնդիրների մասին տեղեկություններ է փոխանցել գործընկեր, օմբուդսմենական հաստատություններին, միջազգային կառույցներին:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Ամենակարևորը իմ կողմից ուղարկվող ուղերձներում՝ որ յուրաքանչյուր հարցի ուղղությամբ մարդկանց իրավունքները պետք է դիտվեն որոշումների և գործողությունների հիմքում, որովհետև քաղաքական կոնյուկտուրաները, դիվանագիտական հարաբերությունները կարող են ընթանալ ինչ-ինչ ճանապարհներով, հանդիպել խոչընդոտների, բայց մարդկանց իրավունքների ապահովումը անհապաղ է, հրատապ է:
Ամենակարևորը գերիների նկատմամբ վերաբերմունքի և վերադարձի հարցն է: Այդ առումով Ադրբեջանի վրա ճնշումն ավելացնելու խողովակներից առաջնայինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է՝ անհատական և միջպետական դիմումների քննության շրջանակում: Հաջորդը, ըստ Պաշտպանի, դիվանագիտական ուղղությունն է:
Քրիստիննե Գրիգորյան - Ահազանգող արձագանքներ ենք ստանում. գերությունից վերադարձած մեր տղաները Պաշտպանի հաստատության հետ առանձնազրույցներում ներկայացրել են կոնկրետ խոշտանգման դեպքերն ու փաստերը, դրանք արտահայտվել են արտահերթ հրապարակային զեկույցում: Այս ազդանշանները, ազդակները շարունակվում են, և սա Ադրբեջանի Պաշտպանի հաստատության ուղղակի արձագանքին է սպասում: Այսինքն՝ իմ մոտեցումը, որ ինստիտուտները աշխատեն, և մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմները գործարկվեն:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդավորված կերպով քանիցս փորձել է կապ հաստատել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Սաբինա Ալիևայի հետ: Գրիգորյանի խոսքով՝ տարբեր միջազգային հանդիպումների, դեսպանների, Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ շփումների ընթացքում մշտապես արտահայտել է կամք՝ ուղիղ խոսելու նրա հետ:
Քրիստիննե Գրիգորյան - Անկախ նրանից, թե անկախության ինչպիսի ավելի նվազ մակարդակ ունի Ադրբեջանում մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը, ամեն դեպքում նրա մանդատի մեջ նույնպես մտնում են հումանիտար հարցերը: Մինչ այս պահը չունեմ որևէ ռեալ արձագանք, բայց սա կարող է լինել լավ հաղորդակցություն: Օմբուդսմենական հաստատությունների ցանցին մասնակից լինելով՝ տեսնում ենք օրինակներ, որ նման շփումները և՛ ընդունված պրակտիկա են, և՛ լավագույնս նպաստում են տարբեր կողմերի մանդատների իրականացմանը:
Անտեսելով Հաագայի դատարանի որոշումները՝ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը. դրսևորումներից են մշակութային ժառանգության, հայկական հետքի վերացմանը միտված գործողությունների օրինակները: Չդադարող ճնշման տակ են Արցախի բնակիչները, որ, ըստ Պաշտպանի, ամեն օր ենթարկվում են ֆիզիկական բնաջնջման ռիսկի:
Քրիստիննե Գրիգորյան - Շատ ուշադիր մշտադիտարկում ենք իրականացնում և՛ մեդիայի ադրբեջանական, և՛ հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից արվող հայտարարությունների: Մեր հավաքած նյութերը հիմք չեն տալիս պնդելու, որ ադրբեջանական կողմը նվազեցրել է ատելության խոսույթը: Սա շատ վտանգավոր ուղերձ է, սա ուղղակիորեն վտանգ է այն քաղաքական հայտարարությունների իրացման համար պայմաններին, որոնք վերաբերում են խաղաղության խոսակցություններին:
Պաշտպանն ընդգծում է՝ հարցի անընդհատ բարձրացումը պիտի ադրբեջանական կողմի վրա ճնշումների գործիք լինի: Անդրադառնալով աճյունների որոնման գործընթացին՝ ադրբեջանական խոչընդոտներին, Գրիգորյանը նշեց, որ հումանիտար հարցերի լուծման գործում Հայաստանի կողմից որևէ խոչընդոտ չկա: Պաշտպանը նաև ասաց, որ իրենց մանդատի շրջանակում աջակցում են անհետ կորած զինծառայողների ընտանիքների տարբեր խնդիրների լուծմանը: