Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի, և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է՝ նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում: Փաշինյանն ընդգծել է, որ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը «ոչ» է ասել ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում, դրսևորելով սխրագործություններ, անմնացորդ նվիրվածություն, հանուն քաղաքակրթության զոհել են իրենց կյանքը: Այսօր խոնարհվում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու հիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ:
Վարչապետի ուղերձում ասվում է, որ Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի, հայրերի և կամավորականների ոգին էր, որ 1990-ականներին դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան:
Նիկոլ Փաշինյան - 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:
Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանքը ամենևին էլ վախճանաբանությունը չպիտի լինի, այլ սթափ, սառը, գրագետ վերլուծությունն այն պատճառների, որ հանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրվա վիճակին և ապագայի պրագմատիկ պլանավորումը:
Պատրաստ ենք առերեսվել դժվարություններին, որովհետև մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՛, մենք շարժվում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով՝ նշված է վարչապետի ուղերձում:
Նիկոլ Փաշինյան - «Մարտի դաշտում տարած հաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կյանքի հաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ՝ կրթության, գիտության, արդյունաբերության, տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինի տևական և կայուն խաղաղությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»:
Խոնարհվելով Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթելով Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին հաղթանակի և խաղաղության տոնի առիթով՝ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը.
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - 77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին:
Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը: Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է, և մենք ամեն ջանք պետք է գործադրենք ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը»:
Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով գրառում է կատարել Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը.
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարևոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին։ Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ։
107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Հավերժ փառք և խոնարհում:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ է՝ ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: Արայիկ Հարությունյանը հպարտությամբ է խոսում Հայրենական մեծ պատերազմում հայերի ավանդի մասին: Երախտիքի խոսք է հղում ՌԴ խաղաղապահ զորակազմին, որը Արցախի ՊԲ-ի հետ այսօր ապահովում է Արցախի անվտանգությունը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Մենք հպարտ ենք, որ Հաղթանակի կերտման գործում նշանակալի ավանդ է ունեցել նաև Արցախը, որի բնակչության յուրաքանչյուր երրորդը մեկնել է ռազմաճակատ՝ տալով ԽՍՀՄ բազմաթիվ հերոսներ, մարշալներ, ծովակալներ, հրամանատարներ։ Նրանց հերոսական ավանդույթները շարունակել են հետագա սերունդները՝ 30 տարի առաջ կամավորական խմբերից կազմավորելով կանոնավոր բանակ, հաջողությամբ իրականացնելով Շուշիի ռազմագործողությունը և ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը։
Սակայն այսօր Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացվում են և ենթարկվում վանդալիզմի Ադրբեջանի կողմից։ Նրանց նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։
Հանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ հիշատակի և հանուն գալիք սերունդների՝ Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ»:
Հայրապետական օրհնություն ու շնորհավորանքներ է հղել Գարեգին 2-րդ վեհափառը: Աղոթքով եզրափակվող ուղերձում խաղաղության մաղթանք կա աշխարհին ու մարդկությանը.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ (Ամենայն Հայոց Կաթողիկոս) - Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, չեն վերադարձել գերությունից մեր զավակները, տեղեկություն չունենք անհայտ կորածների վերաբերյալ, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց զավակների կամ ծնողների: Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին։
Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ դարավոր պատմությունը մեզ պատգամ է մատուցում՝ դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան